Ադրբեջանում հոսանքազրկման հետ կապված ոդիսականը շարունակվում է: Նախագահ Իլհամ Ալիևի անձնական վերահսկողության տակ գտնվող խնդիրն այդպես էլ չի հանգուցալուծվում:
Երկրի լրատվամիջոցները հաղորդում են Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած նոր հրդեհի մասին: Սրան նախորդած մյուս երկու հրդեհների հետևանքով, հիշեցնենք, Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվել էր՝ ինչն էլ հանգեցրել էր ռազմավարական օբյեկտների բնականոն աշխատանքի խափանմանը: Պաշտոնական վարկածի համաձայն՝ վթարի պատճառը ռեկորդային շոգ եղանակն է, ի հետևանք՝ էլեկտրաէներգիայի սպառման կտրուկ աճը (մասնավորապես, օդորակիչների շուրջօրյա օգտագործման պատճառով):
Ըստ ադբեջանական լրատվամիջոցների, երկրում օդի ջերմաստիճանը հասնում է Ցելսիուսի սանդղակով 45 աստիճանի, ինչը վերջին տասնամյակների համար աննախադեպ ցուցանիշ է: Էներգետիկ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը կարողացավ իրավիճակը փոքրիշատե կարգավորել հարևան Վրաստանից և Ռուսաստանից ներկրված էլեկտրաէներգիայի հաշվին:
Այսպիսով, ինչպես նշում է «Թուրան» գործակալությունը, վերջին տասնամյակում երկրի էներեգետիկ ոլորտում արված բազմամիլիարդանոց ներդրումները, որոնք Ադրբեջանի իշխանությունները ներգրավել են միջազգային հիմնադրամներից, իրեն չարդարացրեց: Քննադատության թիրախում հայտնված իշխանությունները, այդ թվում նախագահ Իլհամ Ալիևը, սակայն, տեղի ունեցածի համար մեղադրում են ոլորտի պատասխանատուներին՝ կասկածի տակ առնելով համակարգի ծանրաբեռնվածության վարկածը:
«Շոգն ու էլեկտրաէներգիայի օգտագործման աճը չեն կարող Ադրբեջանի հոսանքազրկման պատճառ դառնալ»,- հայտարարել է Իլհամ Ալիևը, մատնանշելով մի շարք երկրներ, որոնցում օդի ջերմաստիճանն ավելի բարձր է, սակայն նման վթարներ տեղի չեն ունենում: «Նույնիսկ եթե տեղի են ունենում, էներգահամակարգը կաթվածահար չի լինում»,- նաև ասել է Ադրբեջանի նախագահը՝ քննադատության սլաքն ուղղելով դեպի ոլորտը համակարգող «Ազերէներջի» ընկերությունը:
Ի դեպ, թեև նախագահ Ալիևի քննադատությունից հետո ակնկալվում էր, որպաշտոնանկություններ կլինեն, նման բան տեղի չունեցավ: «Դուք պետք է ամաչեիք ժողովրդին պատճառած անհարմարությունների համար: Վթարը վնաս է հասցրել ոչ միայն քաղաքացիներին, այլ նաև տնտեսությանը»,- հանդիմանել է Ալիևը:
Մինչ Ադրբեջանի նախագահն իր ենթականերին է քննադատում տեղի ունեցածի համար, ընդդիմությունը մեղադրում է ողջ կառավարությանը, այդ թվում՝ երկրի ղեկավար Իլհամ Ալիևին: «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլի խոսքով՝ պայթյուններն ու դրանց հաջորդած հոսանքազրկումը ցույց տվեցին Ադրբեջանի անվտանգության խոցելի կետերը:
«Էներգահամակարգում միլիարդներ են ներդրվել, սակայն էներգետիկ անվտանգություն ապահովելու նպատակին չեն հասել»,- նշել է ընդդիմադիր գործիչը, պնդելով՝ ինչպես մյուս, այնպես էլ այդ ոլորտում կոռուպցիան իր տեղն է ունեցել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մինգեչաուրում տեղի ունեցած վթարի հետևանքները հետաքննելու նպատակով ավելի վաղ հրահանգել է հատուկ պետական հանձնաժողով ստեղծել, որում ընդգրկվել են նաև ուժային երկու կառույցների` ներքին գործերի նախարարության և պետական անվտանգության ծառայության ղեկավարները: