Մատչելիության հղումներ

Բրիտանիայում նոր թունավորումներ՝ «Նովիչոկ» նյութից


Բրիտանիայում երկու քաղաքացի ենթարկվել է «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութի ազդեցությանը, Էյմսբյուրի, 5-ը հուլիսի, 2018 թ.
Բրիտանիայում երկու քաղաքացի ենթարկվել է «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութի ազդեցությանը, Էյմսբյուրի, 5-ը հուլիսի, 2018 թ.

Բրիտանիայի երկու քաղաքացիներ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ բժիշկների և փորձագետների, երկուսի թունավորման պատճառն էլ «Նովիչոկ» անվամբ հայտնի նյարդապարալիտիկ նյութն է, որի ազդեցության հետևանքով այս տարվա մարտին թունավորվել և երկար ժամանակ հիվանդանոցում են գտնվել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուսրտը՝ Յուլիան:

Նոր միջադեպը տեղի է ունեցել Էյմսբյուրի ավանում, որը գտնվում է Սկրիպալի բնակության վարյից՝ Սոլսբերիից ընդամենը 11 կիլոմետր հեռավորության վրա: Բրիտանիայի հակաահաբեկչական ծառայության բարձրաստիճան սպա Նեյլ Բասուն երեկ ասել է, թե հունիսի 30-ին «Նովիչոկի» ազդեցության են ենթարկվել 44-ամյա մի կին և 45-ամյա մի տղամարդ:

Իրավապահները նրանց անունները չեն հրապարակում, սակայն բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ կնոջ անունն է Դաուն Սթարջես, տղամարդունը՝ Չարլի Ռոուլի: Նրանց գտել են անգիտակից վիճակում: Ըստ ականատեսների, նախ կինն է ուշագնաց եղել, ապա տղամարդը:

Հակաահաբեկչական ծառայության պաշտոնյան ասել է, թե քիմիական լաբորատորիան հաստատել է, որ այս դեպքում էլ խոսքը Սկրիպալներին թունավորած նյութի մասին է: «Այս երեկո ես ստացել եմ հետազոտությունների ապատասխանները Թորթոն դաունից: Դրանք հաստատում են, որ երկու մարդ «Նովիչոկի» ազդեցությանն է ենթարկվել»,- ասել է Նեյլ Բասուն: Թորթոն Դաունը Թորթոն ավանի մոտ տեղակայված գիտական կենտրոն է, որտեղ գտնվում են նաև պաշտպանության համակարգին ենթարկվող լաբորատորիաները:

Նեյլ Բասուի փոխանցմամբ, այս պահին չկան տեղեկություններ, որոնք կհաստատեին, թե թունավորված երկու քաղաքացիները վերջերս այցելել են այն վայրերը, որտեղ կարող էին «Նովիչոկի» ազդեցությանը ենթարկվել հայր և դուստր Սկրիպալները: Նա ասել է նաև, թե այս պահին ոչինչ չի վկայում այն մասին, որ տղամարդու և կնոջ թունավորումը կարող է որևէ կերպ առչություն ունենալ Սկրիպալների հետ:

«Դա ընդամենը թեզ է, տվյալ պահին՝ սպեկուլյատիվ բնույթի, ես որևէ տեղեկություն կամ վկայություն չունեմ առ այն, որ այդ մարդկանց կարող էին թիրախավորել, նրանց դիրքն ու զբաղմունքը նման ենթադրության հիմք չի տալիս, ուստի՝ այս պահին դա ընդամենը վարկած է»,- ասել է Նեյլ Բասուն:

Բրիտանացի իրավապահների կարծիքով, առավել հավանական վարկածը տղամարդու և կնոջ պատահական թունավորումն է: Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սայիդ Ջավիդը խորհրդարանում ասել է՝ բնականաբար, շատերին հետաքրքրում է, թե արդյո՞ք այս նոր թունավորումն ինչ-որ առումով կարող է կապված լինել Սկրիպալների թունավորման հետ: «Մենք չպետք է աճապարենք և եզրակացություններ անենք: Մենք պարտավոր ենք ոստիկաններին տալ աշխատելու ժամանակ և հնարավորություն»,- նշել է նախարարը:

Նրա փոխանցմամբ, Սկրիպալների թունավորից հետո միջադեպի հետ կապված առանց բացառության բոլոր հնարավոր վայրերում ախտահանում է իրականացվել, և դրանք անվտանգ են հանրության համար: «Մենք ունենք հստակ աշխատանքային վարկած, ըստ որի՝ զույգը թունավորվել է ինչ-որ այլ տեղում, որը կապ չունի Սկրիպալների գործի հետ»,- նաև ասել է նախարարը:

Հայր և դուստր Սկրիպալների թունավորումից հետո Լոնդոնի և Մոսկվայի առանց այդ էլ լարված հարաբերությունները կտրուկ վատթարացան: Լոնդոնը համոզված է, որ Սկրիպալների թունավորումը ռուսներն են կազմակերպել, ռուսները դա անհիմն մեղադրանք են համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG