Մատչելիության հղումներ

Գյումրիում ռուս դեսպանին հորդորեցին հետևողական լինել զինտեխնիկայից վնասված փողոցների նորոգման հարցում


Դեսպան Կոպիրկինը Գյումրիում, 5-ը հուլիսի, 2018 թ․

Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելեց Գյումրի:

Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր ճանաչողական այցով Գյումրիում էր: Քաղաքապետի հետ հանդիպմանը ռուս դիվանագետն ընդգծեց, որ ռուսական կողմի համար Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը կարևոր դեր ունի:

Դեսպանը խոսեց ռուսական ռազմաբազայի, ռուս սահմանապահների ներկայության, նաև երկու ժողովուրդների պատմական կապերի մասին: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձրացրեց ռուսական կողմի ֆինանսավորմամբ Գյումրիում իրականացվելիք ծրագրերի հարցը:

Մի քանի տարի առաջ ՌԴ պաշտպանության նախարարությանն է ներկայացվել նախագիծ ու նախահաշիվ՝ Գյումրիում 10 կմ երկարությամբ ճանապահների հիմնանորոգման համար: Քաղաքապետը դեսպանին տեղեկացրեց, որ այդ խնդի հետ կապված նույնիսկ համաձայնագիր է ստորագրվել, սակայն այդպես էլ «սայլը տեղից չի շարժվել»: Խոսքը, հիշեցնենք, այն փողոցների հիմնանորոգման մասին է, որոնց ծածկույթը շարքից դուրս է եկել ռուսական ռազմաբազայի ծանր զինտեխնիկայի տեղաշարժի հետևանքով:

Հայ-ռուսական միջգերատեսչական հանձնաժողովը հարցի քննարկումը ձգձգում է, առաջիկայում կկայանա հանձնաժողովի այս տարվա նիստը, և այժմ Սամվել Բալասանյանը նորանշանակ դեսպանին հորդորում է հարցն իր ուշադրության կենտրոնում պահել: «Ես կարող եմ տրամադրել փաստաթղթերի փաթեթը, օգնեք, որ այն իրագործվի, քանի որ սա շատ կարևոր հարց է քաղաքի համար»,- ասաց քաղաքապետը: Դեսպանը պատասխանեց, որ տեղյակ է խնդրին, հավելելով, թե փորձագիտական եզրակացության կարիք կա:

Ռուսական կողմը ցանկություն ունի ռուսական զինվորական բնակելի թաղամասի շենքերը փոխանցել Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռին: Քաղաքապետն այստեղ խնդիր է տեսնում՝ այդ բեռի տակ չեն ուզում մտնել: «Դա նոր մեծ բեռ է քաղաքի համար: Չգիտեմ՝ այնտեղ կան սեփականատերեր, ում են տվել բնակարանները, ովքեր են տերերը: Հաճախ գրում են, թե գազի, ջրի համար չեն վճարել: Դա, ինչքան գիտեմ, 102-րդ ռազմաբազայի կազմում է: Հենց այնպես փոխանցել դա առանց այն էլ շատ փոքր տեղական բյուջեով քաղաքին, հնարավոր չէ»,- ասաց Բալասանյանը:

Դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ ասաց, թե իր համար կարևոր է, որ առկա խնդիրները բարձրաձայնվում են: «Ես կարծում եմ, որ այս մոտեցումը ճիշտ է․ հարաբերությունները պետք է լինեն եղբայրական, բայց պետք է ուղղված լինեն կոնկրետ խնդիրների լուծմանը»,- նշեց դեսպանը:

Ռուսական կողմի ֆինանսավորմամբ Գյումրիում վերականգնվելու է փոստի հին շենքը: Նախագիծն այժմ քննարկվում է մշակույթի նախարարության հետ: Օրակարգում է նաև ռուսական զինվորական թաղամասի անավարտ շենքերի հարցը: Տարբերակներից մեկով առաջարկվում է այդ շենքերի կեսը տրամադրել ռուս զինծառայողներին, մյուս կեսը՝ գյումրեցիներին: Հենց այս տարբերակին են հակված քաղաքային իշխանությունները:

Դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր լրագրողների հարցերին չպատասխանեց, խոստանալով առաջիկայում Շիրակի մարզպետի հետ հանդիպումից հետո հանդես գալ մամլո ասուլիսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG