Մատչելիության հղումներ

Հայաստանի երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, կասկածվում է սպանության փորձ կատարելու մեջ, այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է Քննչական կոմիտեն: Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Գործը 11 տարվա վաղեմություն ունի։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 2007 թվականի ապրիլի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանը:

Ապա ոստիկանություն էր եկել Ա. Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, որ այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտից և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է ընկերոջ՝ Դավիթ Սիմոնյանի վրա:

Փաստի առթիվ դեռ 2007 թվականի ապրիլի 1-ին հարուցվել էր քերական գործ, իսկ նույն տարվա մայիսի 28-ին այն կարճվել էր՝ կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:

Սակայն այս տարվա հուլիսի 3-ին՝ նոր ի հայտ եկած հանգամանքներով պայմանավորված գլխավոր դատախազը հանձնարարել է վերսկսել գործի նախաքննությունը։ Արդյունքում՝ պարզվել է, որ տուժողին սպանելու նպատակով նրա ուղղությամբ դիտավորյալ կրակոց է արձակել Երևանի բնակիչ, 1984թ. ծնված Հայկ Սարգսյանը՝ նույն ինքը նախկին նախագահի եղբորորդին: Վերջինիս մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություն։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատության» հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց այս գործից․ - «Քննության շահերից ելնելով՝ թույլ տվեք այս պահին չասել, թե որոնք են եղել երևան եկած այդ նոր հանգամանքները, սակայն այս պահին քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որ 2007 թվականին Երևանի բնակիչ Դավիթ Սիմոնյանը հրազենային վնասվածքը ստացել էր ոչ թե անզգուշությամբ արձակված կրակոցի հետևանքով, այլ դիտավորյալ էր նրա ուղղությամբ արձակվել կրակոց և այս պահին պարզվել է նաև այդ անձի ինքնությունը, ով քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ»:

Հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ ինը ժամ խուզարկեց Սարգսյանների բնակարանը, որը գտնվում է Երևանի Թումանյան 11 հասցեում, ինչից հետո՝ ուշ երեկոյան, Հայկ Սարգսյանը տարվեց քննչական բաժին, իսկ նրա հայրը՝ Սաշիկ անունով հայտնի Ալեքսանդր Սարգսյանը, բերման ենթարկվեց ԱԱԾ: Մինչ այս պահը ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG