Մատչելիության հղումներ

ՍԴ պաշտոնաթող դատավորը հանդես է գալիս աղմկահարույց հայտարարություններով


Կիմ Բալայան
Կիմ Բալայան

Սահմանադրական դատարանի պաշտոնաթող դատավոր Կիմ Բալայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց քաղաքական ճնշումների, «ցուցակային» գործերի, Բաղրամյան 26-ի հրահանգով կայացրած դատավճիռների մասին։

Բալայանը, ով Սահմանադրական դատարանի դատավոր է եղել 2003 թվականից մինչև այս տարվա հունվարի 31-ը, պնդում է, թեև շատ դատավորներ հայտարարում են, որ որևէ ճնշում չի եղել, անուամենայնիվ այդ երևույթը դատական համակարգում երկար տարիներ առկա է եղել․ - «Եվ փորձում են ցույց տալ, որ իբր մարդիկ իրենց ներքին համոզումով, թե ղեկավարությանը որը դուր կգա, էդպես ընթացել են: Բայց երևույթի դեմ պետք է պայքարել»:

Լրագրողներից մեկը հարցրեց, թե ճիշտ է հասկանում, որ որոշումներ են ընդունվել Բաղրամյան 26-ի հրահանգով, Բալայանն արձագանքեց․ - «Մազաչափ չկասկածեք»:

Շուրջ 15 տարի Սահմանադրական դատարանի անդամ եղած Բալայանը վստահեցնում է, որ դատական համակարգի հետ շփումների ընթացքում տեղեկացել է նաև, որ բացի հեռախոսային հրահանգներից, եղել են հատուկ ցուցակներ, որոնցում նշված են եղել թե կոնկրետ գործերի վերաբերյալ ինչպիսի որոշումներ պետք է կայացվեն․ - «Դուք եթե փաստաբանների, դատավորների, դատախազների հետ անկեղծ զրույց ունենաք, նրանք կասեն: Եղել են նաև ցուցակային գործեր՝ ցուցակ, թե որ գործով ինչ որոշում պետք է կայացվի: Այդպիսի դեպք մենք ունեցել ենք»:

Սահմանադրական արդարադատություն իրականացրած Բալայանը այսօր նաև պնդեց, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ճնշում է գործադրել նաև անձամբ իր նկատմամբ․ - «Միջնորդավորված, Հանրապետության երկրորդ նախագահի անունից իմ վրա էլ են փորձել ճնշում գործադրել։ Կարող եմ հստակ ասել․ ստեղծել էին անկախ հանձնաժողով, որը պետք է քննարկի, թե այս մարդը վաղակետ ազատման իրավունք ունի՞, թե՞ ոչ: Ես դրան կատեգորիկ դեմ էի: Ինձ թվում է, այդ խոսակցությունները պարզապես հասել էին Հանրապետության նախագահին, իմ մոտ եկավ նախագահի օգնականը իրավական հարցերի գծով և ասեց, որ սա պարոն Քոչարյանի միակ խնդրանքն է Ձեզ»:

Ըստ Բալայանի, սա իր գործունեության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմից ճնշման միակ փորձն է եղել:

«Ազատության» հարցին, թե արդյոք 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ, մինչև բողոքի ցույցերը ճնշելը ՍԴ-ի վրա եղել են ճնշումներ, պաշտոնաթող դատավորն արձագանքեց․ - «2008 թվականի ընտրությունների ժամանակ և դրանից հետո բոլոր ընտրությունների․․․ հասարակության մեջ տարածված է, որ Սահմանադրական դատարանը ամեն անգամ դակել է իշխանությունների տեսակետը: Բայց իրականության մեջ ընտրական գործընթացի մասնակից ուժերը երբևիցե իրավական ճանապարհով փաստեր չեն հավաքել և դատարան չեն ներկայացրել»:

Այդուհանդերձ, քաղաքական ճնշումների ու արդարադատության պակասի մասին հայտարարող Կիմ Բալայանը, ըստ վիկիլիքսյան բացահայտված փաստաթղթերի, 2008 թվականին համագործակցել է իշխանության հետ՝ որդուն Արտաքին գործերի նախարարությունում պաշտոնի նշանակելու համար։ Ըստ գաղտնազերծված փաստաթղթերի, նման պնդում դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպմանը արել է ՍԴ նախկին դատավոր Վալերի Պողոսյանը։ Վիքիլիքյան փաստաթղթում նաև նշվում է․ - «Պողոսյանը ահազանգել է, որ Ռոբերտ Քոչարյանն է պարտադրել Սահմանադրական դատարանի մարտի 8-ի որոշումը, որով վճռվեց, որ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքը հիմնազուրկ է»: Պողոսյանը նաև ասել էր, թե իրեն ևս այդ օրերին նախագահի աշխատակազմից են զանգահարել:

Սահմանադրական դատարանի 74-ամյա նախկին դատավորը, սակայն, այսօր Ազատության հետ հեռախոսազրույցում, հերքեց, թե ինքն անձամբ Բալայանի մասին տեղեկություն է փոխանցել, ասաց՝ պարզապես այդպիսի տեղեկություններ այդ օրերին մամուլում են եղել։

«Ազատության» հետ հեռախոսազրույցում հարցին, թե արդյոք իր գործունեության ընթացքում նախագահականից կամ որևէ այլ տեղից զանգեր չի ստացել, Պողոսյանը պատասխանեց․ - «Ենթադրենք զանգ են տվել: Հետո՞: Ես ինչ կարող եմ ասել: Զանգ են տվել, ասել են՝ հանդիպենք, ես ասել եմ՝ ոչ: Դա համարեմ ճնշո՞ւմ: Կարող եմ համարել, կարող եմ չհամարել»:

Ցուցակների կամ Բաղրամյան 26-ից հրահանգով դատավճիռների վերաբերյալ փաստեր Պողոսյանը չունի, ասում է որ դրանց մասին լսել է միայն մամուլից։

«Ազատության» հարցին, թե արդյոք Գլխավոր դատախազությունը կուսումնասիրի Կիմ Բալայանի այս հայտարարությունները, գերատեսչությունից խոստացան պատասխանել վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG