Մատչելիության հղումներ

ՌԴ իշխանությունները Թերեզա Մեյին դարձյալ հրավիրում են Ռուսաստան՝ դիտելու Անգլիայի հավաքականի խաղը․ The Guardian


Թերեզա Մեյ, արխիվ
Թերեզա Մեյ, արխիվ

Ռուսաստանյան իշխանությունները Մեծ Բրիտանիայի վարչապետին ֆուտբոլի աշխարհի առաջնորությանը ներկա գտնվելու նոր հրավեր են ուղարկել այն բանից հետո, երբ Անգլիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ «տասնմեկ մետրանոց» հարվածների շնորհիվ հաղթելով Կոլումբիայի հաքականին:

Հրավերի մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը: Ռուսական պաշտոնական աղբյուրներն առայժմ այն չեն մեկնաբանում: Թերթի տվյալներով՝ այս պահին վարչապետ Մեյը չի պատրաստվում խախտել Ռուսաստան մեկնելու իր իսկ կաբինետի հայտարարած բոյկոտը: «Սակայն չի կարելի վստահությամբ պնդել, թե ինչ կանի Մեյը, եթե անգլիական հավաքականը դուրս գա եզրափակիչ»,- գրում է թերթը:

Թերեզա Մեյը ֆուտբոլի մեծ երկրպագու է: Բրիտանական մամուլը գրում է, որ հուզմունքի պատճառով նա չի դիտել նախօրեին Կոլումբիայի և Անգլիայի թիմերի միջև խաղավերջի «տասնմեկ մետրանոցները», որոնք ի վերջո հաղթանակ բերեցին անգլիացիներին:

Պաշտոնական Լոնդոնը Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտել է՝ բրիտանական Սոլսբերիում Սկրիպալների թունավորման պատճառով: Մեծ Բրիտանիայի իշխանությունները տեղի ունեցածի մեջ մեղադրում են Ռուսաստանի իշխանություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG