Մատչելիության հղումներ

15-րդ «Ոսկե Ծիրանը» կբացի Ռոբեր Գետիկյանի «Առանձնատունը» ֆիլմը


Հուլիսի 8-ին «Մոսկվա» կինոթատրոնում ֆրանսահայ անվանի կինոռեժիսոր Ռոբեր Գետիկյանի «Առանձնատունը» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությամբ կսկսվի «Ոսկե Ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ֆիլմի ցուցադրությունից անմիջապես հետո Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում:

Այսօր տեղի ունեցավ փառատոնից առաջ վերջին հանդիպումը լրագրողների հետ, որոնց «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանն ու Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի և Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանները ներկայացրին փառատոնի շրջանակներում իրենց համատեղ աշխատանքը:

Դեսպանները շեշտեցին, որ երկար ճանապարհ անցած իրենց համագործակցությունը կինոփառատոնի հետ տարիներ շարունակ լուրջ արդյունքներ է գրանցել: Ամեն տարի կինոփառատոնը ներկայացնում է ֆրանսիական, գերմանական և այլ երկրների ֆիլմերի ընտրանի:

Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով՝ «Ոսկե Ծիրանը» Հայաստանում «մշակութային զարգացման բարձրակետերից մեկն է»:

Իսկ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի համոզմամբ, պատահական չէ, որ հենց հիմնադրման պահից են համագործակցում կինոփառատոնի հետ, քանի որ այս փառատոնը «լավագույն ֆիլմերի ցուցադրման հարթակ է»:

Ի դեպ, քանի որ այս տարի աշնանը Հայաստանում տեղի է ունենալու Ֆրակոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, «Ոսկե Ծիրանի» կազմակերպիչները փառատոնի շրջանակներում նոր ծրագիր են ներկայացնելու՝ «Ֆրանկոֆոն երկրների կինոն» խորագրի ներքո: Ծրագրին աջակցում են Հայաստանում Ֆրանսիայի և Կանադայի դեսպանատները: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 10-ին Վալերի Մասադյանի «Միլա» ֆիլմով: Ծրագրում 15 ֆիլմ է ներառված:

Իհարկե այլ դեսպանատներ ևս ամեն տարի համագործակցում են կինոփառատոնի հետ այս կամ այն ծրագրի շրջանակներում, և ինչպես նշում է փառատոնի տնօրեն Սուսաննա Հարությույանը, կինոփառատոնն ամեն տարի ընդլայնում է դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համագործակցությունը:

Այս տարի փառատոնի հետ սկսել են իրենց համագործակցությունը Բուլղարիայի (որը երկու ֆիլմ է ներկայացրել) և Շվեդիայի դեսպանատները․ - «Շվեդիայի դեսպանությունը Հայաստանում մեզ աջակցել է շատ կարևոր ծրագրում՝ Բերգմանի հարյուրամյակը նշելու հարցում»:

Հարցիս, թե որոնք են «Ոսկե Ծիրանի» այս տարվա առանձնահատկությունները և ինչ զարգացումներ են սպասվում արդեն 15-ամյակը բոլորած կինոփառատոնի առաջիկա տարիներին, Սուսաննա Հարությունյանը պատասխանեց․ - «Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր: Ամեն մի կոնկրետ փառատոնի առանձնահատկությունը, իհարկե, պայմանավորված է ընտրված ծրագրերով: Էս տարվա փառատոնի առանձնահատկությունն այն է, որ մենք կազմակերպել ենք և մեկնարկել է արդեն շատ մեծ արտադրական ծրագիր: Միջազգային փառատոնի գործառույթները շատ կարևոր են, եթե իրենք զարկ են տալիս նաև տեղում մեր երկրի կինոարտադրությանը և նպաստում են համագործակցությանը, համատեղ արտադրությանը․․․ Հեռակա մեր ծրագրերում մենք ուզում ենք «Ոսկե Ծիրանը» և Հայաստանը դարձնել հարթակ տարածաշրջանային համատեղ արտադրությունների համար: Քայլ առ քայլ պետք է իրականացնենք այդ մեր փափագը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG