Մատչելիության հղումներ

Քաղաքապետի խորհրդականի հետ հանդիպումից հետո երթուղայինի վարորդները դադարեցրին գործադուլը


Երևանյան 10-ից ավելի երթուղային գծերի մի քանի տասնյակ վարորդներ այսօր վաղ առավոտյան գործադուլ էին հայտարարել՝ ներկայացնելով մի շարք պահանջներ։

Հիմնական պահանջները, սակայն, երկուսն են՝ աշխատավարձի բարձրացում և իրենց օրվա պլանի իջեցում, որն այս պահին միջինը 14 հազար դրամ է կազմում․ - «Աշխատավարձի վերանայում՝ բարձրացում: Երկրորդը․ օրվա հասույթի վերանայում՝ 2000 դրամով իջեցում: Երրորդը․ վարորդների նկատմամբ չվերաբերվեն որպես իրենց ստրուկների: Չորրորդը․ ամսական ոչ թե 28 օր աշխատանք, այլ 24 օր: Հինգերորդը․ մեքենաների վերանորոգման հարցը: Վեցը․ անվադողերի վազքը 90 հազարից իջեցնեն 70 հազար»։

Վարորդներից մեկը շարունակեց․ - «Աշխատավարձը 60 հազար էր, բարձրացրել են 90, բայց մարդիկ նույն 60 հազարն են ստանում: Ժամավարձով են՝ պիտի մինչև գիշերվա 12-ը քշենք, որ 90 հազար փող ստանանք: Որտեղ ա գրած, որ մենք պիտի 16 ժամ աշխատենք»։

Վարորդները փոխանցեցին, որ երեկ իրենց ղեկավարների հետ ժողով են ունեցել, որտեղ ներկայացրել են իրենց պահանջները, սակայն արժանացել են անհարգալից վերաբերմունքի․ - «Վարորդները բոլորը վիրավորված են, որ էդ արհամարհական տոնով մարդկանց ասում ա՝ դավայ․․․ Ղեկավարին վայել բան չի, մարդ ենք, ընտանիք ենք պահում, բոլորն էլ երեխատեր, թոռատեր են ստեղ»։

Տրանսպորտի գծով քաղաքապետի խորհրդական Ալիկ Գևորգյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ խնդիրը քննարկել և լուծում են գտել՝ օրվա պլանը 2000 դրամով կիջեցվի, իսկ աշխատավարձը միջինը 2500-ից կդառնա օրական 4 հազար դրամ։

«Միշտ ամառային սեզոնին՝ հուլիս և օգոստոս ամիսներին պլանը իջեցվում ա: Էնտեղ տարաձայնություն կար՝ հազար դրամով, երկու հազար դրամով: Մենք ընդհանուրի եկանք, ես կարողացա ղեկավարությանն էլ ասել, որ էկեք երկու հազար դրամ իջացնենք, վարորդներին հնարավորություն տանք: Եվ էդ հարցն էլ լուծում ստացավ: Նաև աշխատավարձի հարցը, որ նորմալ լինի ժամավարձը»:

Ալիկ Գևորգյանի հորդորով բողոքող վարորդները դադարեցրին գործադուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG