Մատչելիության հղումներ

2007-ին վարույթը կարճված գործով, գլխավոր դատախազի որոշմամբ, նոր քննություն կկատարվի՝ սպանության փորձի հատկանիշներով


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված՝ Հայաստանի գլխավոր դատախազի կողմից վերացվել է դեռևս 2007 թվականին կայացված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու որոշումը: Արդյունքում կիրականացվի նոր նախաքննություն՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով («սպանության փորձ») նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված վարույթի շրջանակում, հաղորդում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Դատախազությունը մանրամասնում է․ - «2007 թվականի ապրիլի 1-ին երեկոյան, Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով, գոտկային շրջանի միջանցիկ, որովայնի խոռոչ թափանցող վերքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դ. Աշ.-ի Սիմոնյանը։ Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել Ա Հո.-ի Ղևոնդյանը, ներկայացրել «Սիգ Սաուեր» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտներով և հայտնել, որ ատրճանակը նույն օրը գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտից և զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել իր ընկեր Դ․Սիմոնյանին։ Փաստի առթիվ Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։ Իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը հաստատված է համարել, որ Դ. Սիմոնյանին մարմնական վնասվածքն անզգուշությամբ պատճառել է Ա. Ղևոնդյանը: Եվ նկատի ունենալով, որ Դ. Սիմոնյանը հաշտվել է վերջինիս հետ, 2007 թվականի մայիսի 28-ին, դիմողի բողոքի բացակայության և հաշտվելու հիմքով որոշում է կայացրել քրեական գործով Արթուր Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին»:

Այս տարվա հունիսի 29-ին, մինչդեռ, Սիմոնյանը դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ խնդրելով դիմումն ընդունել որպես հաղորդում։ «Դրանում վերջինս նշել է, որ իրեն կրակել և մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ա. Ղևոնդյանը, այլև Հ. Ալ.-ի Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։ Այդ օրը նշված տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Ա․ Ղևոնդյանի հետ, երբ Հ. Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սկսել է սպառնալ սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին: Եվ մինչ Հ. Սարգսյանը շարունակել է սպառնալիքները, Ա. Ղևոնդյանը հասցրել է նրա ձեռքից վերցնել ատրճանակը։ Կատարվածի մասին տեղեկացել է Հ. Սարգսյանի եղբայրը՝ Ն. Սարգսյանը, և ավտոմեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։ Գիտակցության գալուց հետո ոստիկաններին հայտնել է, թե իբր իրեն պատահաբար կրակել է Ա. Ղևոնդյանը, իսկ զենքը գտել են մանկապարտեզի մոտից, քանի որ Հ. և Ն. Սարգսյանները սպառնացել են, որ հակառակ դեպքում երկար չի ապրի», - ասված է հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ հաղորդմամբ ներկայացված տվյալներով ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել վարույթ իրականացնող մարմնին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից հունիսի 29-ին որոշում է կայացվել վարույթը կարճված քրեական գործով Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված վարույթ հարուցելու մասին:

Նոր երևան եկած հանգամանքներով հարուցված վարույթի քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա գլխավոր դատախազի կողմից երեկ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին: Քննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG