Լեհաստանի Գերագույն դատարանի նախագահ Մալգորժատա Գերսդորֆը չորեքշաբթի օրը աշխատանքի է գնացել՝ չնայած նույն օրը ուժի մեջ մտած դատական համակարգի բարեփոխումների մասին օրենքին, որով նա պետք է հրաժարական տար:
Գերսդորֆը հայտարարել է, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը:
«Իրավունք և արդարություն» իշխող կուսակցության հերթական աղմկահարույց օրենքի համաձայն, Գերագույն դատարանի դատավորների մեկ երրորդը պետք է լքեն իրենց պաշտոնները, եթե չդիմեն նախագահ Անջեյ Դուդային իրենց լիազորությունները երկարաձգելու խնդրանքով: Գերագույն դատարանի ղեկավարը հրաժարվել է դիմել նախագահին:
Լեհաստանի ընդդիմությունը իշխող կուսակցությանը մեղադրում է դատական համակարգը վերահսկելու փորձերի մեջ: Նախօրեին մայրաքաղաք Վարշավայում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ: Նոր օրենքը դատապարտել է նաև Եվրամիությունը: