Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանատունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 242-ամյակը


Ռիչարդ Միլս, Զոհրաբ Մնացականյան
Ռիչարդ Միլս, Զոհրաբ Մնացականյան

Երեքշաբթի երեկոյանը ԱՄՆ դեսպանատունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 242-ամյակը։ Միջոցառման ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և միջոցառման պատվավոր հյուր, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը իրենց գոհունակությունը հայտնեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների սերտ գործընկերության վերաբերյալ:

Դեսպան Միլսը, ընդգծելով, որ ԱՄՆ հիմնադիր հայրերը հանուն անկախության վտանգեցին իրենց կյանքը, զուգահեռներ անցկացրեց շաբաթներ առաջ իշխանափոխության պահանջով փողոցներ դուրս եկած հայաստանցիների պայքարի հետ։

«Նրանք [ԱՄՆ հիմնադիր հայրերը] անկախություն հռչակեցին ոչ նրա համար, որ իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը, այլ նրա համար, որ ձևավորեն մի համակարգ, որտեղ Աստծո կողմից տրված իրավունքները երաշխավորված կլինեն: Եվ այսօր ամերիկյան հեղափոխական ոգին մենք տոնում ենք նոր Հայաստանում, որտեղ Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս ձեզ, ռիսկի դիմեց և կանգնեց հանուն իր իրավունքների: Այն ինչին մենք ականատես եղանք այս գարնանը մի շարժում էր, որին լիցք էին հաղորդում երիտասարդները, ովքեր իրենց երկրի համար նոր սկիզբ էին նախանշում», - ասաց դեսպան Միլսը:

Դեսպանը նկատեց, որ ներկա պետական կառավարման ու քաղաքացիական հասարակության առաջնորդների շարքում շատերը ԱՄՆ դեսպանության կրթական փոխանակման ծրագրերով ուսանել են ԱՄՆ-ում և վերադարձել նոր մտքերով ու գաղափարներով.- «Այժմ նրանք պատրաստ են փոփոխությունների իրենց հայրենի երկրում՝ ձևավորելու թափանցիկ ժողովրդավարական հասարակություն, որտեղ հարգվում է իրավունքի գերակայությունը և որտեղ պաշտպանված են բոլորի իրավունքները»:

Ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ շեշտելով, որ անկախությունից ի վեր Միացյալ Նահանգներն «անգնահատելի աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ամենատարբեր ոլորտների զարգացմանը»։

«Հայաստանն իր պատմության մեջ կարևոր փուլ անցավ, և Ձեր երկիրը հիմնարար ներդրում ունեցավ դրանում: Դուք մշտապես աջակցել եք Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանը, հայ հասարակության քաղաքական հասունության և իրավագիտակցության զարգացմանը, ինչն այս տարիների ընթացքում իր արդյունքն ունեցավ: Եվ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղի ունեցավ Հայաստանում, Հայաստանի համար և հայերի կողմից»,- ասաց Մնացականյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG