Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ողջունում է «Հայաստանի կառավարության ջանքերը մարտիմեկյան ոճրագործությունը բացահայտելու ուղղությամբ` «2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ» Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործի հարուցումը դիտարկելով որպես այդ նպատակով կատարված կարևորագույն քայլ»:
«Կարծում ենք, որ Հատուկ քննչական ծառայությունը խփել է ճիշտ նշանակետին` որպես հանցագործության բացահայտման բանալի դիտելով քոչարյանական ռեժիմի կողմից իշխանության հակասահմանադրական բռնազավթման փաստը: Ակնհայտ է, որ այս գործի քննությունը անխուսափելիորեն կհանգեցնի մարտիմեկյան ոճրագործությանն առնչվող բոլոր հանցագործությունների` սպանությունների, հազարավոր քաղաքացիների նկատմամբ գործադրված բռնությունների և հալածանքների, քաղաքացիների սահմանադրական իրավունքների, ՀՀ նախագահի թեկնածուի ազատ տեղաշարժի և այլ իրավունքների սահմանափակումների, Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ ճնշումների, ընտրությունների կեղծման, կեղծ մեղադրանքներով դատավարությունների և այլ հանցագործությունների ամբողջական բացահայտմանը»,- հայտարարում է ՀԱԿ-ը՝ պատրաստակամություն հայտնելով օժանդակություն ցուցաբերել քննությանը և քննչական մարմիններին տրամադրել իր ձեռքի տակ առկա բոլոր փաստաթղթերը:
«Կոնգրեսը այս հարցերով իր ներկայացուցիչ է նշանակում ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանին»,- նշված է կուսակցության հայտարարությունում։
Այսօր ՀՔԾ-ն հայտնեց, որ 2008-ին այլ անձանց հետ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Միքայել Հարությունյանին։ ՀՔԾ-ն նաև տեղեկացրեց, որ մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Թե ինչ կարգավիճակով, առայժմ հայտնի չէ: