Մատչելիության հղումներ

Խուզարկություններ են իրականացվել «Վիլլիջ Գրուպ», «Գրինպրոդուկտ» և «Սպայկա» ընկերություններում


Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության ներկայացուցիչները Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ խուզարկություն են անցկացնում բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերությունում:

Խուզարկությունը սկսվել է կեսօրից հետո: ՊԵԿ օպերատիվ հետախուզության աշխատակիցները մի քանի ժամ շարունակ ստուգում էին նաև ընկերության տարածքից դուրս եկող բոլոր մեքենաները։

Թե ինչ են փնտրում իրավապահները և ինչ արդյունքներ է տվել խուզարկութունը, ՊԵԿ-ից խոստանում են հայտնել, երբ գործողությունները ավարտվեն:

«Սպայկա» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանն ասաց, որ իրենց տեղեկություններով ստուգումները վերաբերում են ոչ թե իրենց գործունեությանը, այլ այն ընկերությունների, որոնց հետ աշխատում է «Սպայկան»․ - «Նախ պարզաբանեմ, որ «Սպայկա» ընկերությունը, իր կանոնադրական գործունեությունից ելնելով, բազմապիսի ծառայություններ է մատուցում թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան ընկերությունների: Այսօրվա ՊԵԿ-ի այցելությունը, որքան որ մեզ արդեն պարզ դարձավ, ավելի շատ վերաբերում էր տարբեր ընկերությունների հետ փաստաթղթերին ծանոթանալը, ում հետ համագործակցում ա «Սպայկան»: Այսինքն, դա ուղղակի «Սպայկա»-ի գործունեությանը վերաբերող խնդիրներ չեն: Իսկ մնացածը, կարծում եմ, որ կպարզաբանի նաև ՊԵԿ-ը, թե ի վերջո ինչ էին իրանք նայում, ինչ էին դիտարկում»:

Ըստ Անտինյանի, իրենց համար իրավապահների այցը անակնկալ է եղել, իրենք տեղեկաված չեն եղել, բայց ասաց, որ ՊԵԿ-ն ու ոստիկանությունը խուզարկությունը այնպես են իրականացնում, որպեսզի չխոչընդոտեն ընկերության բնականոն աշխատանքը․ - «Բնականոն ձևով մթերման գործընթացը շարունակվել ա: Նույնիսկ իրենք արել են այնպես, որ նույնիսկ անզգույշ չխոչընդոտեն․ նայել են, թե որտեղ կա պրոցես, որ հանկարծ իրանք որևէ ձևով չխաթարեն»:

Ընկերության ղեկավարներից որևէ մեկը այդպես էլ հարցազրույց չտվեց «Ազատությանը», թեև ողջ օրվա ընթացքում փորձեցինք մեկնաբանություն ստանալ անձամբ ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանից:

Ըստ Անտինյանի, խուզարկություն ընթացքում իրավապահները նաև տնօրենից են պարզաբանումներ ստացել:

Հարցին, թե, ըստ մամուլի տեղեկությունների, «Սպայկա» ընկերությունը պատկանում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին, Անտինյանը պատասխանեց․ - «2001 թվականին է «Սպայկա» ընկերությունը հիմնադրվել, և նրա հիմնադիր և անփոխարինելի ղեկավարը, միակ սեփականատերը հանդիսանում է Դավիթ Ղազարյանը: Իսկ 2001 թվից հիշեք, թե քանի մարդու անուն է հոլովվել «Սպայկա»-ի հետ կապված: Հիմա ի՞նչ եք կարծում, հերթով բոլորը պիտի հերքե՞մ»:

«Սպայկա» ընկերությունը, ըստ Անտինյանի, ունի 214 բեռնատար մեքենա, որոնցով իրականացնում է բեռնափոխադրումները։

Էդվարդ Անտինյանը վստահեցրեց, որ ընկերությունը գործել է օրենքով, բոլոր հարկերը վճարվել են:

«Իրավապահները նախ պետք է վերջացնեն և իրենց գնահատականը տան: Մենք, չգիտես ինչի, վաղուց անմեղության կանխավարկածն էլ ենք մի կողմ դրել: Իսկ գուցե մտնեն, ուսումնասիրեն, շնորհակալություն հայտնեն բարեխիղճ աշխատանքի համար ու գնան: Ինչո՞ւ եք ուզում հիասթափվել», - հավելեց Անտինյանը:

Ավելի ուշ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց այսօր իրականացված գործողությունների վերաբերյալ, որում, մասնավորապես նշվում է․ - «Այսօր՝ հուլիսի 3-ին, որ հարուցված քրեական գործերի շրջանակներում, Պետական եկամուտների կոմիտեի ՊԵԿ հետաքննության, օպերատիվ հետախուզության վարչությունների և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ խուզարկություններ են կատարել «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի, «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի և վերջիններիս հետ որոշակի փոխկապակցվածություն ունցեցող «Սպայկա» ՍՊԸ-ի գործունեության հասցեներում»:

Հաղորդագրություն նշվում է, որ պանրի արտահանմամբ զբաղվող «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ն, և լոլիկի արտահանմամբ զբաղվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն իրավախախտումներ են թույլ տվել, մասնավորապես՝ պետական բյուջե որպես եկամտային հարկ չեն վճարել համապատասխանաբար 1.669.694.074 և 427.903.695 ՀՀ դրամ գումար:

«Հարկ է ընդգծել նաև այն հանգամանքը, որ քննարկվող ժամանակահատվածում թե՛ «Վիլլիջ Գրուպ» ՍՊ ընկերությունը, թե՛ «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերությունն ունեցել են մեկական գրանցված աշխատակիցներ, ովքեր իրենց հերթին փոխկապակցվածություն են ունեցել «Սպայկա» ՍՊ ընկերության հետ: Հաշվի առնելով նշված երկու ընկերությունների գործունեության մեծ ծավալները՝ պետք է փաստել, որ անիրատեսական է վերջիններիս կողմից մեկական աշխատակից ունենալու պարագայում վերը նշված ծավալներով գործունեություն ծավալելու հանգամանքը», - ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG