Մատչելիության հղումներ

Փաբերի տերերը դժգոհում են ոստիկանների այցերից, պնդելով, որ վնասվել է իրենց բիզնեսը


Ոստիկաններն այցելում են երևանյան փաբեր, լուսանկարը՝ ոստիկանության տեսանյութի

Երևանյան փաբերից մեկի տնօրենը պատմում է, որ ոստիկանության աշխատակիցների այցից հետո իրենց հաճախորդներն անակնկալի են եկել ու հեռացել փաբից։

Օրերս ոստիկանական մի քանի խմբեր այցելել էին գիշերային ժամերին գործող ժամանցի ու զվարճանքի վայրեր, աշխատակիցներին հորդորել, որ ժամը 23-ից մինչև առավոտյան 7-ը չխախտեն լռությունն ու պահպանեն համակեցության կանոնները՝ բացառելով հրավառությունները, բարձր երաժշտությունը, ինչպես նաև անչափահասներին խմիչք ու ծխախոտ վաճառելը։

Մինչդեռ փաբերի տնօրենները պնդում են՝ ոստիկաններն իրենց հորդորել են ոչ թե իջեցնել ձայնը, այլ անջատել երաժշտությունը։ Արդեն 8 տարի գործող «Կալյումեի» տնօրեն Հրաչ Դավիթյանն ասում է․ «Երբ ցիվիլ ոստիկան գա, նորմալ խոսի, բացատրի իրավիճակը, գա փաբ, որտեղ 40 տոկոսը տուրիստներ են․․․ 20 տուրիստ փախել ա, սարսափի մեջ փախել ա, միայն մեր մոտ չէ: Օրենքը հասկանում ենք, բայց վարքը սխալ է։ Ուրբաթ օրվանից գործը վատ է, որովհետև մեդիայում մարդիկ իմանում են՝ ինչ է կատարվել»:

Հրաչ Դավիթյանը նաև նշում է՝ որպեսզի փոքր ու միջին բիզնեսը զարգանա, պետք է օրենքում փոփոխություններ կատարվեն՝ ժամը 23-ի փոխարեն թույլատրեն մինչև ժամը 2-ը երաժշտություն հնչեցնել։ «Մենք էլ փոքր բիզնես ենք, մենք էլ որոշ սեգմենտի սերվիս ենք անում: Տեղացիներն են, տուրիստներն են: Դու լուրջ տուրիստին կասես ժամը 11-ին գնա քնի՞...թող մինչև 2-ը մեզ մոտ մնան: Իմաստն ի՞նչ ա՝ եթե թաղապետարանը լիցենզիա է տալիս, բայց ոստիկանությունը գա ասի՝ մյուզիք չպիտի լինի։ 20 րոպե հետո կփակես, կգնաս»,- բողոքում է գործարարը։

Ոստիկանների այցին արժանացած մեկ այլ հաստատության տնօրեն Արկադի Սահակյանն էլ ասում է՝ իրենք դեմ չեն օրինապահ մարմինների գործողություններին, սակայն այդ կերպ ներխուժումն ընդունելի չէ։ «Ես հաջորդ օրն իսկ զրուցեցի իրավաբանի հետ, թե արդյո՞ք իմ իրավունքները խախտվել են, թե ոչ։ Ու պարզվեց, որ խախտվել են։ Մեկն էն մասով, որ իրանց ներխուժումից հետո բարը դատարկվեց ուղղակի: Այն դեպքում, երբ մոտ 100 հոգի ներսում կար: Երկրորդ՝ ահաբեկվեցին իմ հաճախորդները։ Ես ոստիկանին ասացի, որ ձեր ներխուժումով կարող է իմ բարը հեղինակազրկվել, բայց ոստիկանն ասեց՝ գնա ասա, որ ոստիկանը քաղաքացու կողմից ա: Ես էլ ասեցի ՝ուշ ա արդեն ու չեմ կարա մտնեմ ասեմ՝ ժողովուրդ ոստիկանությունը կատակ էր անում, իրանք ձեր կողքին են»,- պատմեց Արկադի Սահակյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ով իբրև հոբբի՝ նախկինում հանդես է եկել որպես դիջեյ, ասաց, որ ինքը փաբերից մեկում է եղել, երբ ոստիկաններն այցելել են, սակայն ապօրինի գործողություններ չի նկատել։ Կարծում է՝ նման իրավիճակներից խուսափելու համար զվարճանքի վայրերը պետք է տեղափոխվեն բնակելի վայրերից հեռու:

«Կարծում եմ՝ էդ խնդիրը պետք է ի սկզբանե լուծված լիներ, ոչ թե հասներ այս կետին և նոր օրենքի սահմաններում ոստիկանները գործողություններ իրականացնեին։ Քանի որ տարիներ շարունակ այս հաստատությունները գործել են, ձևավորվել է մշակույթ, ներդրումներ են տեղի ունեցել, և պետք է այս կոնտեքսոտւմ բոլորի համար ընդունելի որոշում գտնել»,- «Ազատությանն» ասաց Էդուարդ Աղաջանյանը։

Փաբերի սեփականատերերը նշում են՝ իրենք ունեն կեսգիշերից հետո աշխատելու թույլտվություն ու դրա համար պետական վճարումներ են կատարում: Սակայն թույլտվությունն անիմաստ են համարում, եթե ոստիկանությունը հորդորելու է ժամը 23։00-ից անջատել երաժշտությունը։ Մինչդեռ Երևանի Կենտրոն վարչական շրջանի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ Հարություն Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ գիշերային աշխատանքի թույլտվության արտոնագիրը ներառում է միայն վաճառք իրականացնելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG