Մատչելիության հղումներ

Լոռու մարզն ուզում է ընդգրկվել երեխաների ամառային հանգստի կազմակերպման ծրագրում


Սփյուռքահայ երեխաներ Հանքավանի ճամբարում, արխիվ

Լոռու մարզպետարանը դիմել է Կառավարություն՝ խնդրելով պետության կողմից դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրում նաև Լոռու երկու ճամբարներն ընդգրկել։

Ամեն տարի Հայաստանի տարբեր մարզերից ցածր դասարանների 4 հազար 800 սոցիալապես անապահով կամ ծնողազուրկ երեխա պետության հաշվին 20 օր է անցկացնում Հանքավանի հինգ և Ծաղկաձորի մեկ ճամբարներում։ Պետական բյուջեից դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու համար տարեկան ծախսվում է ավելի քան 480 միլիոն դրամ։

Այս տարի Լոռու մարզից 415 երեխա կհանգստանա Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում։ Մի մասն արդեն մեկնել է։

Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի հաշվարկներով, լոռեցիների հանգիստը Հանքավանի փոխարեն Լոռու ճամբարներում կազմակերպելու դեպքում մարզը մեծապես կշահի․ - «Իմ խորին համոզմամբ, «Լուսաբաց» ճամբար ուղարկելը, իմ անձնական կարծիքով, արդար չի: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իրոք դա կարող է մարզի համար բավականին [դրական] լինել, ասենք, և՛ տուրիզմի առումով, և՛ երեխաների իրենց ընտանիքին ավելի մոտ գտնվելու առումով, ավելի շատ իրենց մարզին, բնությանը ծանոթանալու առումով»:

Լոռու մարզի 415 դպրոցականների ամառային հանգստի համար Հանքավանի «Լուսաբաց» ճամբարն ստանում է ավելի քան 41 միլիոն դրամ։ Ընդ որում, «Լոռու դպրոց» հիմնադրամն էլ իր հերթին տարեկան 750 հազար դրամ է հատկացնում երեխաներին Հանքավան տեղափոխելու համար։

Դեռ հունիսին Հանքավանի ճամբարի բոլոր 350 տեղերն զբաղված էին պետական ծրագրով մեկնած դպրոցականներով, մինչդեռ Լոռու «Գուգարք» ճամբարն ընդամենը 6 հյուր ուներ։

Տնօրեն Զվարթ Դանիելյանը սրտնեղած էր. նախորդ տարիներին իր ճամբարը հյուրընկալել է երկաթուղու աշխատակիցների երեխաներին։ Երկաթուղին էր փակում ծախսերը։ Վերջին երկու տարիներին նրանք էլ որոշել են իրենց երեխաներին Հանքավան ուղարկել, թեև «Գուգարքի» տնօրենն ասում է, որ յուրաքանչյուր երեխայի օրավարձը 4-անգամյա սննդով Հանքավանի ճամբարների նման ինքն էլ 5 հազար դրամ է սահմանել․ - «Լոռու մարզի երեխաները, որ գնում են, էդ պետական գումարը, որ տրվում է․․․ թող գնան էնտեղ, ես խնդիր չունեմ: Բայց եթե տրվում է, իսկ մեր Լոռու մարզի երեխաները ինչո՞ւ պետք է գնան Հանքավան»:

Զվարթ Դանիելյանը, ով «Գուգարքում» մոտ 50 տարի է աշխատում և ճամբարի սեփականատերն է 2004 թվականից, դեռ Կարեն Կարապետյանի կառավարությանն էր դիմել, բայց խնդիրը հօգուտ իրեն չի լուծվել։ Նոր կառավարությանը նոր դիմում է ուղարկել, թե ինչու Հանքավանի սեփական ճամբարներն օգտվում են պետական ծրագրից, իրենք՝ ոչ։ Պատասխանի է սպասում։ Ասում է՝ խոստացել են քննարկել։

Մինչ Կառավարությունը կպատասխանի «Գուգարք» ճամբարի տիրուհուն, Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ով ղեկավարում է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովը, «Ազատությանն» ասաց, թե ամառվա 60 օրերին 4800 անապահով դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման համար ընտվել են այն ճամբարները, որոնք դեռ խորհրդային տարիներից մասնագիտացած են այս գործում․ - «Իրենք միայն էս էրեխեքին են ընդունում, ուրիշ էրեխա չեն ընդունում: Եվ իրենք շատ նման են էդ պիոներական ճամբարներին: Նախ, իրենք կոմպակտ մի տեղում են: Սա նշանակում է, որ իրենց անվտանգություն, բժշկական ծառայություն, մատակարարում և այլն բավականին հեշտ է լինում: Երկրորդը, իրենք իրար հետ միջճամբարային ինչ-որ թեմատիկաներ ունեն»:

Մասնակից դպրոցականների ցուցակները կազմում են դպրոցները՝ մարզպետարանների վերահսկողությամբ։ Վաչե Տերտերյանը նշեց, թե ամեն ինչ անում են ճամբարների մասնակիցների ընտրությունն ավելի թիրախային դարձնելու համար։

Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի պատասխանատուն տեղյակ էր Լոռու ճամբարների տնօրենների բողոքներից։ Նշեց, սակայն, թե տարիներ շարունակ նույն ճամբարների հետ աշխատելուց հետո նոր ճամբարներ կընդգրկեն միայն ծրագիրը մեծացնելու և նոր երեխաներ ընդգրկելու դեպքում։

Այս հարցում ծրագրի պատասխանատուն ակնկալում է նաև մարզպետարանների աջակցությունը․ - «Եթե, օրինակ, պետությունը երեխաների նոր քանակի համար կարողանա փող առանձնացնել, մենք էս ճամբարներում, կարծեմ, որ էլ ֆիզիկապես տեղ չունենք: Այսինքն պիտի ման գանք ուրիշ ճամբար: Ես կարծում եմ, որ ման կգանք էլի Հանքավանում, բայց Հանքավանում չկա: Որովհետև իրար հետ լինելը դա կազմակերպչորեն և լիքը տարբեր բաներով նպատակահարմար է: Համենայն դեպս 25 տարի նպատակահարմար է եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG