Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը (ՏԿՏՏՆ) տեղեկացնում է, որ Ստեփաննծմինդա-Լարս անցակետում, «ելնելով զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճի արդյունքում առաջացած ծանրաբեռնվածությունից և սահմանային անցակետի թողունակությունից, տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների մեքենաների կուտակումներ կան»:
Նախարարության աշխատակիցները մշտական կապի մեջ են վրաց և ռուս գործընկերների հետ և ստանում են օպերատիվ տեղեկատվություն:
Խնդրի կարգավորման աշխատանքներում ակտիվ ներգրավված են նաև Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները, ովքեր կատարում են ուսումնասիրություններ և օժանդակում ՀՀ քաղաքացիներին:
ՏԿՏՏՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ «մեր հայրենակիցների հարմարավետության համար ստեղծվել է շուրջօրյա «թեժ գիծ»՝ (010) 59-01-04 հեռախոսահամարով, որը հնարավորություն կտա նախքան ճանապարհ դուրս գալը կատարել ճիշտ պլանավորում և տեղեկատվությունը ստանալ հավաստի աղբյուրներից»: