Մատչելիության հղումներ

Կենտրոնական զինվորական հավաքակայանում առաջիկա ամիսը կրկին մարդաշատ է լինելու․ այսօրվանից մեկնարկում է ամառային զորակոչը։

Թավշյա հեղափոխությունից հետո բանակ մեկնող առաջին զինակոչիկներն այսօր ասում էին, որ մեծ ոգևորությամբ են ծառայության մեկնում։ Լսել ու նաև հավատում են՝ Զինված ուժերում բարեփոխումների ալիքը սկսված է, իրենք բոլորովին այլ բանակում են ծառայելու։

«Փոփոխությունները հիմիկվանից էլ կա: Բոլորս տեսնում ենք: Ֆորմեքը, ուտելիքը․․․ բոլորը լավն են դարձել նոր Հայաստանում», - ասաց նորակոչիկներից մեկը:

Ժամկետային զինծառայողների ապահովվածության խնդիրը վարչապետի ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռ մինչև ամառային զորակոչի մեկնարկը։ Կլինի հագուստ, կոշիկ, ներքնաշոր թե սնունդ՝ զինվորը ընտանիքն ոչ մի հարցում նեղություն չպետք է տա, մայիսի 10-ին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանն ու շեշտել, որ ոլորտի պատասխանատուներին այս հարցով խիստ հանձնարարականներ են տրվել։

Այսօր արդեն զինվորների ծնողներին ու լրագրողներին Գլխավոր շտաբի նորանշանակ պետը ևս մեկ անգամ վստահեցրեց՝ զբանակն ի վիճակի է զինվորներին ապահովել ամեն ինչով:

«Եթե կլինեն դեպքեր, կիմանաք կոնկրետ դեպքեր, որ այս կամ այն զորամասում չի ապահովվում զինծառայողը ինչ-որ բանով, մենք պատրաստ ենք շատ օպերատիվ արձագանքելու, որոշումներ կայացնելու, լուծումներ տալու այդ հարցերին: Վերջին ընթացքում ունեցել ենք մի քանի ահազանգեր տվյալ ուղղությամբ․ հինգ ահազանգից միայն մեկը հաստատվեց ոչ ամբողջ ծավալով: Ինչ-որ խախտումներ կան, և մենք օպերատիվ արձագանքեցինք», - ասաց Արտակ Դավթյանը:

Առավոտյան հավաքակայան եկած նորակոչիկները նախ ստացել են նոր համազգեստը, ճաշել են, ապա հերթով ու կարգով մասնակցել վիճակահանությանը։ Թե առաջիկա երկու տարին ով որտեղ է ծառայելու որոշվում է պատահականության սկզբունքով։

18-ամյա երիտասարդներից բացի, հայրենիքի սահմաններ պաշտպանելու համար վարչապետի կոչով Հայաստան է վերադարձել ևս 156 հոգի։ Նրանք բոլորը, ըստ Գլխավոր շտաբի պետի, նախկինում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափածներն են․ - «Մոտ երեք հարյուր զինծառայողի մասին է խոսքը այս պահի դրությամբ, որից նվազագույնը 156 հոգին նախկինում խուսափող զինծառայողներն են, որոնք ներկայացել են և պատրաստ են անցնելու իրենց ծառայությանը: Խնդիրներ այս պահի դրությամբ չկան»:

7 տարի արտերկրում բնակվելուց հետո հայրենիքին պարտքը տալու համար Հայաստան է եկել նաև Մեսրոպը։ 20 տարեկան նորակոչիկն ասում է, որ վարչապետի կոչը, նաև հավաստիացումները հույս են տալիս հավատալու, որ բարեփոխված բանակում ծառայությունը սահուն է անցնելու․ - «Յոթ տարի Ռուսաստանում եմ ապրել: Ո՛չ կանչել են, ո՛չ էլ․․․ Որոշեցի իմ սեփական կամքով գամ, պարտքը վերադարձնեմ հայրենիքին»:

Առաջնագծում հայտնվելու փաստը ևս չի մտագոհում նորակոչիկներին: Նրանք ասում են, որ պատրաստ են ամուր պահել հայրենքի սահմանները։

Արտակ Դավթյանը նշեց, որ սահմանին նկատվող լարվածությունը անհանգստության տեղիք չպետք է տա նաև հասարակությանը: Ըստ նրա, Նախիջևանյան հատվածում իրավիճակը վերահսկելի է, իսկ այսօրվանից մեկնարկող ադրբեջանական զորավարժությունները հայկական զինված ուժերի դիտակետում են․ - «Իհարկե զինված ուժերը պետք է պատրաստ լինեն, և ցանկացած դեպքում, մանավանդ հաշվի առնելով այսօրվանից սկսված զորավարժությունները, որի հակառակորդը կարող է և հակառակորդը ինչ-որ սադրանքներ իրականացնել: Եվ մենք պատրաստ պետք է լինենք ցանկացած տարբերակով գործելու»:

Արտակ Դավթյանից լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումներից հետո «Զինվորի բաժին» մակագրությամբ սննդի մակատարարման հարցում խստացումներ կան, և արդյո՞ք վերանայվելու է Գրիգորյանի ղեկավարած Երկրապահ կամավորականների միությանը տրամադրվող բաժնեմասի հարցը:

Գլխավոր շտաբի պետի արձագանքը․ - «ԵԿՄ-ին տրամադրելը չի նշանակում տրամադրել Մանվել Գրիգորյանին: Դրանք տարբեր հասկացողություններ են: Եվ այնտեղից ոնց ա հայտնվել անհատի մոտ, դա իրավապահ մարմինները կպատասխանեն: Որ կարգը վերանայվելու է և խստացվելու է հսկողությունը, դա միանշանակ է: Իսկ ինչ վերաբերում է, որ այլևս չտրվի կամ բան, դա առանձին հարց է, որն այս պահի դրությամբ չի քննարկվում»:

Ի դեպ, այս զորակոչով ծառայության է մեկնելու նաև վարչապետի որդին՝ Աշոտը։ Արտակ Դավթյանը կոնկրետ օր չնշեց, թե երբ է նա ներկայանալու կենտրոնական հավաքակայան: Ասաց՝ մոտ օրերս։

Գլխավոր շտաբի պետը վստահեցրեց, որ վարչապետի որդու նկատմամբ առանձնահատուկ մոտեցում չի լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG