Մատչելիության հղումներ

«Պետական պաշտոնյան որոշում է, որ կարելի է «ձեռի հետ» դառնալ գիտությունների թեկնածու»


Ազգագրագետ Մխիթար Գաբրիեյլան
Ազգագրագետ Մխիթար Գաբրիեյլան

Ազգագրագետ, պատմագիտության թեկնածու, դոցենտ Մխիթար Գաբրիելյան ի հաշվարկով, Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերված ժամանակակից թանկարժեք և ռետրո ավտոմեքենաների, մոտոցիկլետների և ձնագնացների հավաքածուի շուկայական արժեքը հավանաբար հավասար է գիտությանը տրվող տարեկան ֆինանսավորմանը, որը կազմում է մոտ 14 միլիարդ դրամ:

«Եթե մի երկրում, մի համակարգի պայմաններում գեներալը, նախարարը, բիզնեսմենը տասը, քսան, երեսուն, քառասուն տարի ունեցել է թաթի հարվածով գիտության տարեկան ֆինանսավորումը բյուջեից թալանելու հնարավորություն, ակնհայտ է, որ գիտությունը պետք է լինի խայտառակ վիճակում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Գիտությամբ զբաղվելը, նրա խոսքով, դարձել է սահմանափակ թվով նվիրյալների աշխատանք, ովքեր աշխատում են ոչ բավարար ֆինանսավորմամբ։

Ազգագրագետը ցինիզմը որակում հատկապես պաշտոնյաների՝ գիտական աստիճան ստանալու փաստերը․ - «Պետական պաշտոնյան, ով ողջ կյանքի ընթացքում չի զբաղվել գիտությամբ, որոշում է, որ կարելի է «ձեռի հետ» դառնալ գիտությունների թեկնածու, որոշում է, որ կարելի է գրել տալ թեկնածուական կամ դոկտորական ատենախոսություն: Միշտ ցանկացած հասարակությունում լինելու են մարդիկ, ում համար բրեժնևյան սինդրոմը կյանքի ուղեկից է: Այդ մարդիկ սիրում են դիպլոմներ, այդ մարդիկ սիրում են կոչումներ, այդ մարդիկ սիրում են մեդալներ, այդ մարդիկ սիրում են մեքենաների կոլեկցիաներ: Իրավական պետության խնդիրն այն է, որ ասի այդ մարդկանց՝ տղերք, չեք կարող դուք դառնալ գիտությունների թեկնածու, որովհետև չունեք գիտությունների թեկնածուի մակարդակին համապատասխանող ոչ թե գիտելիք, այլ տեքստ, շարադրանք»:

Ազգագրագետի համոզմամբ՝ գիտական աստիճան շնորհելը չպետք է լինի այդքան դյուրին: Նախ, գիտական աստիճանի հավակնողների գրած հոդվածներին ներկայացվող պահանջները պիտի բարձրացվեն, քննարկումներն ավելի շատ լինեն։

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանը, ում օրոք տեղի է ունեցել քաղաքապետ Տարոն Մարգարյանի աղմկահարույց ատենախոսության պաշտպանությունը, կարծում է, որ գիտությունը և պաշտոնը համատեղելի չեն։ Ինքն իր պաշտոնավարման ընթացքում չի կարողացել խնդիրը լուծել։ Ասում է՝ ԲՈՀ-ի ներկայիս նախագահի թիվ մեկ խնդիրը դա պետք է լինի, որպեսզի գիտական աստիճան ունենալը փայլուն խաղալիքի չնմանեցնեն․ - «Նրանք ամեն ինչ ունեին, էդ մի բանը չունեին, էդ էլ էին ուզում ունենալ։ Դա նման էր պագոնների, որը պակաս էր իրենց կենսագրության մեջ։ Դա չպետք է թույլ տային գիտնականները, որոնք գրում էին դիսերտացիաներ, որոնք անց էին կացնում։ Իսկ երբ որ արդեն անցած ատենախոսությունը գալիս ա ԲՈՀ և մտնում ա մեր սենյակներից ներս, դրվում ա մեր սեղանին, արդեն մենք չենք կարա որևէ մեկին ապացուցենք, որ դա գրված ա։ Մենք տալիս ենք փորձաքննության, դրանք լավն են, և նրանք պետք ա ստանան, բա ի՞նչ պիտի անեն։ Դրա դեմն առնելը ահավոր մեծ պրոբլեմ է»։

ԲՈՀ-ի նորանշանակ նախագահ Սմբատ Գոգյանն ասում է, որ փորձելու է անել այնպես, որ անորակ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հեղինակները այլևս չկարողանան հավակնել գիտական աստիճանի: Գոգյանի խոսքով՝ դրա դեմ պայքարելը դժվար է, և առաջին հերթին գիտնականները պետք է մտածեն գիտական կոչման արժեքի մասին․ - «Եթե գիտնականը, եթե գիտությունների թեկնածուն ցանկանում է, որպեսզի մակարդակով իրենից ցածր գիտելիքներով շատ ցածր մարդը դառնա գիտությունների թեկնածու, դա արդեն խնդիր է գիտության համար: Ոչ թե ԲՈՀ-ի խնդիրն է»:

Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի համոզմամբ՝ ԲՈՀ-ի նախկին նախագահի նկատմամբ ճնշումներ են եղել, դրա պատճառով է, որ ցանկացողը կարողացել է գիտական աստիճան ստանալ։ Սակայն ներկայիս նախագահի օրոք նման դեպքերը կբացառվեն։

Հովհաննիսյանը նաև նկատում է, որ խնդիրը գիտական խորհուրդների մեջ է, որտեղ եղել են կոռուպցիոն երևույթներ․ - «Քաղաքական մոտեցումների խնդիր կա։ Նոր իշխանության օրոք նմանատիպ դեպքերը կկանխարգելվեն, և դրա համար կստեղծվի իրավական և կանոնական դաշտ, որպեսզի մենք նմանատիպ խնդրահարույց պաշտպանություններ չունենանք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG