Մատչելիության հղումներ

Իրանում բախումները չեն դադարում


Բողոքի ակցիաներ Խուզեստանի բնակավայրերում
Բողոքի ակցիաներ Խուզեստանի բնակավայրերում

Իրանի հարավ-արևելքում երկրորդ գիշերն է՝ չեն դադարում բախումները ոստիկանության ու ցուցարարների միջև․ վերջիններս զայրացած փողոց են դուրս եկել՝ բողոքելով ջրամատակարարման անբավարարության ու կառավարության տնտեսական քաղաքականության դեմ: Նավթով հարուստ Խուզեստան նահանգում օրեր շարունակ մարդիկ զրկված են ջրից 45 աստիճանի հասնող ամառվա տապին, ինչն էլ բողոքի լայնածավալ ցույցերի պատճառ է դարձել Աբադան և Կորրամշար քաղաքներում:

Քանի որ արևմտյան լրագրողները զրկված են Իրանում անարգել աշխատելու հնարավորությունից, դժվար է հավաստի տեղեկություններ ստանալ տեղում տիրող իրավիճակի վերաբերյալ, սակայն սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է՝ ինչպես են ցուցարարները քարեր ու շինարարական նյութեր նետում իրավապահների ուղղությամբ: Ոստիկաններն էլ, ի պատասխան, գործի են դնում արցուքնաբեր գազ, հատուկ միջոցներ, տեղ-տեղ կրակի օջախներ են երևում, լսվում են կրակոցներ:

Երեկ որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, թե անկարգությունների հետևանքով մեկ մարդ է զոհվել: ԻԻՀ ներքին գործերի նախարարությունը, սակայն, երեկոյան հերքեց այդ տեղեկությունները, պնդելով, թե 11 մարդ վիրավորվել է, մեծ մասը՝ ոստիկաններ: Արյունալի բախումներից հետո իշխանությունները ներողություն են խնդրել ու խոստացել ամենասեղմ ժամկետներում վերականգնել ջրամատակարարումը: Փորձագետները սակայն, փաստում են, որ ջրի պակասը միայն սառցաբեկորի վերին շերտն է. իրականում ողջ երկրով մեկ ընդդիմադիր տրամադրություններ են տարածված, որոնք աննշան առիթից անգամ կարող են զանգվածային ցույցերի պատճառ դառնալ:

Օրինակ՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ Թեհրանի մեծ շուկայի հազարավոր առևտրականներ փակել էին խանութներն ու իշխանություններին քննադատող կարգախոսներով շարժվել դեպի խորհրդարան: Ոստիկանությունն այն ժամանակ ևս ստիպված էր եղել արցունքաբեր գազ ու հատուկ միջոցներ կիրառել՝ ցույցը ցրելու համար: Տեղական լրատվամիջոցներն ու պաշտոնյաներն այևս չեն թաքցնում, որ երկրում տնտեսական վիճակն օր-օրի վատթարանում է՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին կնքված համաձայնագրից դուրս գալու՝ Միացյալ Նահանգների որոշումից հետո:

Մի շարք խոշորագույն ընկերություններ արդեն դադարեցրել են գործունեությունն Իրանում, մյուսներն էլ սպառնում են հեռանալ՝ ամերիկյան հնարավոր պատժամիջոցների տակ չհայտնվելու համար: Արդյունքում ազգային տարադրամը՝ ռիալը, վերջին կես տարում շուրջ 50 տոկոսով արժեզրկվել է դոլարի համեմատ: Ընդ որում, Վաշինգտոնից հնչող հայտարարությունները վկայում են, որ Սպիտակ տունն առայժմ մտադիր չէ մեղմել դիրքորոշումը:

«Իրանցիները հոգնել են կոռուպցիայից, անարդարությունից ու իրենց առաջնորդների անիրավությունից»,- անցած շաբաթ «Թվիթերում» գրել էր պետքարտուղար Մայք Փոմփեոն, հավելելով․ «Աշխարհը պետք է լսի նրանց ձայնը»: Նախագահ Դոնալդ Թրամփն էլ երեկ Fox-ին տված հարցազրույցում զգուշացրել է՝ Վաշինգտոնը հաստատակամ է նաև եվրոպական այն ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում, որոնք կաշխատեն իրանի հետ:

Ստորև հատված՝ հիշյալ հարցազրույցից:

Թրամփ- Իրանն այլևս չի մտածում միջերկրական տարածաշրջանի կամ այդ ուղղությամբ առաջ գնալու մասին, նրանք հիմա սեփական խնդիրներով են զբաղված, ողջ երկրով մեկ ցույցեր են:

- Արդյո՞ք նրանք զբաղվում են ուրանի հարստացմամբ:

Թրամփ- Եթե այդպես է, ուրեմն շատ լուրջ խնդիրներ կունենան:

- Իսկ արդյո՞ք դուք պատժամիջոցներ կկիրառեք նաև եվրոպական ընկերությունների նկատմամբ, եթե նրանք գործարքի գնան Իրանի հետ:

Թրամփ- Այո , իհարկե: Մենք հենց դրանով էլ զբաղվում ենք, հստակ է:

Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է պնդել, որ նախորդ նախագահի՝ Բարաք Օբամայի օրոք Թեհրանի և վեց գերտերությունների միջև կնքված համաձայնագիրն «աններելի բացթողումներ» ունի, որոնք հնարավորություն էին տալիս Իրանին ձերբազատվել միջազգային հսկողությունից ու ընդհատակում զարգացնել ռազմական ներուժը՝ նպաստելով ահաբեկչության տարածմանը:

Համաձայնագրի մյուս կողմերը՝ Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, մինչդեռ, շարունակում են հավատարիմ մնալ գործարքին, որը պահպանելու համար, ի դեպ, Իրանի նախագահն այսօր հատուկ շրջայցով մեկնել է Շվեյցարիա և Ավստրիա: Ռոհանիի կանգառները պատահական չեն. Բեռնը ներկայացնում է Միացյալ Նահանգների շահերը Թեհրանում, իսկ Վիեննան երեկվանից ստանձնել է Եվրամիության նախագահությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG