Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը


Անցյալ տարի մեր երաժշտական միջազգային փառատոների թիվը համալրվեց ևս մեկով․ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որն այս տարի արդեն կանցկացվի երկրորդ անգամ՝ հուլիսի 2-6-ը:

Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկող փառատոնի շրջանակներում հայ երաժշտասերները կունկնդրեն թե՛ հայ, թե՛ արտասահմանյան հայտնի կոմպոզիտորների գործեր պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ մենակատարների մասնակցությամբ:

Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը՝ Մալթայից: Լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվելն ու այս փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր լինելը:

Սերգեյ Սմբատյանի փոխանցմամբ՝ փառատոնի նպատակը մեր ժամանակների կատարողական արվեստի լավագույն ներկայացուցիչների հետ հայ երաժշտասերներին ծանոթացնելն է․ - «Մեծագույն ձեռքբերում է մեզ համար, որ ժամանակակից աշխարհի մեծագույն երաժիշտներ այսօր եկել են Հայաստան: Կարևորում եմ միջազգային ասպարեզում մեծ ճանաչում ունեցող արտիստները երբ գալիս են Հայաստան»:

Փառատոնի բացման համերգին այսօր ելույթ կունենա բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացած, այդ թվում և Եղիսաբեթ թագուհու մրցույթի առաջին մրցանակակիր, դաշնակահար Դենիս Կոժուխինը:

Նա առաջին անգամ է Հայաստանում և այսօր ասում էր, որ հայ երաժշտասերներին կներկայացնի Ալեքսեյ Շորի «Ճամփորդական նոթեր» խորագրով մի քանի մասից բաղկացած դաշնամուրի և նվագախմբի համար գրված ստեղծագործությունը:

Ասում էր, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ինքն արդեն այս տարի հանդես է եկել Մալթայի միջազգային երաժշտական փառատոնում: Այդ փառատոնի ռեզիդենտ նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էր:

Կոժուխինը նշեց, որ մեծ սիրով է ընդունել «Արմենիա» փառատոնին մասնակցության հրավերը:

Փառատոնի այս հինգ օրերի ընթացքում ելույթ կունենան նաև անվանի ջութակահար Նիկոլայ Ցնայդերը, Աննա Ուլաիևան, Մեծ թատրոնից հանրահայտ երգչուհի Աննա Ագլատովան և այլ անվանի երաժիշտ կատարողներ:

Համերգներից երեքը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը, երկուսը՝ Մալթայից ժամանած անվանի դիրիժոր Ալան Չիրկոֆը:

Ուշագրավ է, որ մոտ 200 երաժշտասեր այս օրերին Հայաստան է գալու՝ ունկնդրելու «Արմենիա» փառատոնի համերգները: Սերգեյ Սմբատյանի խոսքով, նախատեսում են տարեցտարի մեծացնել այդ մարդկանց թիվը․ - «Բովանդակային իմաստով շատ եմ կարևորում դա: Մենք այսօր ներկայացնում ենք փառատոն, որը անց է կացվում հուլիս ամիս․ հինգ համերգ՝ շատ հայտնի մենակատարներով: Եվ եթե մենք այս տարի կարողանանք պլանավորել մեր մյուս տարին, և աշխարհը իմանա, որ Հայաստանում նման փառատոն կա․․․ մարդիկ կարող են գալ և լսել Հայաստանում դասական երաժշտության ունիկալ համերգներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG