Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 6 զինվորական՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու, դրանց կատարմանն օժանդակելու կասկածանքով։ Եվս երկու հոգու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Զինված ուժերի առանձին ստորաբաժանումներում առանձնապես խոշոր չափերով յուրացումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ N զորամասի հրամանատարը, կոչումով՝ գնդապետ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնության գալով նույն զորամասի վառելիքաքսուքային ծառայության պետ, կոչումով մայորի հետ, 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին հրահանգել է համապատասխան աշխատակիցներին՝ զորամասի զինտեխնիկաները շահագործել սահմանվածից ավելի քիչ, ինչի արդյունքում տնտեսված դիզելային վառելիքը վաճառել է ու այդպիսով յուրացրել ՊՆ հաշվեկշռում գտնվող շուրջ 24 տոննա դիզելային վառելիքը, պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ 8 միլիոն 856 հազար դրամի գույքային վնաս:
Զորամասի հրամանատարը, ՎՔՆ ծառայության պետը, ՎՔՆ ծառայության պահեստապետը ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն՝ «առանձնապես խոշոր չափերով յուրացում», կատարելու կասկածանքով: Զորամասի 1-ին, 2-րդ և 3-րդ դիվիզիոնների հրամանատարները ձերբակալվել են ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն՝ «հանցակցություն առանձնապես խոշոր չափերով յուրացմանը», կատարելու կասկածանքով: Յուրացումներին օժանդակելու մեջ կասկածվող վարորդի և էլեկտրամեխանիկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Գործով նախաքննությունը շարունակվում է: