Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Եղեգնուտում. գյուղացիները պահանջում են 34 տարվա գյուղապետի հրաժարականը


Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում բնակիչները պահանջում են 34 տարվա գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը։

Գյուղացիները վաղ առավոտից գյուղապետարանի շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։

«30 տարի և ավել աշխատում է, աշխատել է տարբեր կուսակցությունների հետ, տարբեր կառավարությունների հետ, բոլորը գիտեն, որ էդ կառավարությունը միշտ կոռուպցիայի մեջ է եղել, բնական է, որ իր հետ աշխատողներն էլ պետք է շարունակեին դա, դրա համար չէին կարողանում կառավարել», - ասաց Եղեգնուտի բնակիչներից մեկը։

Մեկ այլ ցուցարար էլ հավելեց. - «Ամբողջ գյուղապետն՝ իր անձնակազմով, իր ավագանիներով թալանել է գյուղը, գյուղում էլ ոչինչ չկա՝ գետնի տակից քանդել ամեն ինչ վաճառելով, շինությունները քանդել վաճառելով, էլ բան չկար, գյուղի 80 միլիոնանոց բյուջեն էլ թալանեցին»։

Նշենք, որ գյուղապետը ցուցարարների հետ դեռ չի հանդիպել, նրանց հարցերին չի պատասխանել։

Համայնքապետի աշխատակազմի քարտուղար Սեդրակ Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Մարգարյանը տեղում չէ՝ «առավոտյան եկել է աշխատանքի, հետո գնացել մարզպետարան»։

«Մենք զանգել, իրեն տեղեկացրել ենք, ասաց, որ կգա։ Առաջ լրագրողներն էլի իրա հետ զրուցել են, ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ», - ասաց Ալեքսանյանը՝ նշելով, որ չի կիսում գյուղապետի կոռումպացված լինելու մասին ցուցարարների կարծիքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG