Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում մրցաշարը հյուրընկալող Ռուսաստանի հավաքականը 1:1 (4:3) հաշվով առավելության հասավ աշխարհի 2010 թվականի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսպանիայի հավաքականի նկատմամբ:
Կիրակի օրը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած խաղի հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, լրացուցիչ 30 րոպեներին թիմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Հանդիպման ելքը վճռեցին հետխաղյա 11-մետրանոց հարվածները, որոնցից երկուսը Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը ետ մղեց՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
Իսպանիայի հավաքականը, ինչպես և աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինայի և Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի ընտրանիները, հրաժեշտ է տալիս աշխարհի 21-րդ առաջնությանը:
Ռուսաստանի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ անցնում է աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ, որտեղ հուլիսի 7-ին կհանդիպի 1/8-ում նույնպես հետխաղյա 11-մետրանոցներով Դանիայի նկատմամբ 1:1 (3:2) հաշվով հաղթանակ տարած Խորվաթիայի ընտրանու հետ: