Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը «Ազատության» հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու գլխավոր դատախազ եղած ժամանակ երբևէ քրեական գործ չի հարուցել ապօրինի հարստացման հետ առնչվող գործերով։
Դատախազության 100-ամյակին նվիրած միջոցառմանը մասնակցող նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Ազատության» հետ զրույցում նախ ասաց, որ չի կարող գնահատել նոր իշխանությունների գործողությունները և վերջին շրջանի աղմկահարույց բացահայտումները։
«Ցանկացած պետական մարմնի գործունեության արդյուանվետությունը մի քիչ դժվար է գնահատել, որովհետև որևէ մեկը, այդ թվում՝ օրինակ ես, որ գլխավոր դատախազ եմ եղել, հեռու եմ եղել այն մտքից, որ ինքս բավարարված լինեմ իմ կատարած աշխատանքով», ֊ նշեց Կոստանյանը՝ շարունակելով. ֊ «Ես էլ եմ ունեցել բազմաթիվ սխալներ, և բոլոր պետական մարմինները, վստահ եմ, որ զերծ չեն սխալներից։ Այլ հարց է, որ այդ սխալները կամ թերությունները շտկելուն ուղղված պատշաճ միջոցառումներ պետք է իրականացվեն»։
«Ազատության» հարցին՝ որպես նախկին գլխավոր դատախազ ինչո՞ւ ապօրինի հարստացման մասով երբևէ քրեական գործ չի հարուցել, չնայած այդ հոդվածը վերջերս է տեղ գտել քրեական օրենսգրքում, բայց չկայի՞ն հնարավորություններ կամ կասկածներ, նախկին գլխավոր դատախազը պատասխանեց. ֊ «Ինքներդ, կարծում եմ, դրա պատասխանը լավ տվեցիք։ Այդ օրենքը փոխվեց և քրեական օրենսգրքում փոփոխությունները կատարվեցին իմ՝ գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական տալուց մեկ տարի հետո։ Կարծում եմ դա Ձեր պատասխանն էր»։