ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ մշտապես շփումներ է պահպանում և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգթոնի հետ:
«Ես միշտ Սիրիայի հարցով կապի մեջ եմ Կրեմլի և Սպիտակ տան հետ»,- ասել է Նեթանյահուն կառավարության շաբաթական նիստում, հավելելով, որ պաշտպանության նախարարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նույնպես շփվում են իրենց ռուսաստանցի և ամերիկացի պաշտոնակիցների հետ:
Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը շարունակելու է ապահովել սահմանների անվտանգությունը և օգնություն տրամադրել հարևան պետության տարածքում գտնվող փախստականներին:
«Մենք թույլ չենք տա որևէ սողոսկում մեր տարածք և կպնդենք պահպանել 1974 թվականին Սիրիայի հետ կնքված համաձայնության դրույթները»,- ասել է Նեթանյահուն:
1974 թվականին Իսրայելը և Սիրիան ստորագրել են համաձայնություն երկու երկրների բանակների շփման գծի սահմանման մասին, ըստ որի Գոլանի բարձունքների ապառազմականացված գոտում պետք է տեղայակվեն ՄԱԿ-ի խաղաղապահները:
Իսրայելը Սիրիային պատկանող այդ բարձունքները գրավել է 1967 թվականի «վեցօրյա պատերազմի» ընթացքում:
1981 թվականին Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը միակողմանիորեն հռչակել է հրեից պետության ինքնիշխանությունն այդ բարձունքների նկատմամբ, սակայն նույն 1981 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ճանաչել Քնեսեթի որոշումը և Իսրայելի գործողությունը որակել է որպես ագրեսիա:
Իսրայելի սահմանից ոչ հեռու սիրիական բանակն այս շաբաթներին մարտեր է մղում «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմավորման և դրա դաշնակից ստորաբաժանումների դեմ: