Մատչելիության հղումներ

Թրամփի դաշնակիցը կանխատեսում է Իրանի վարչակարգի տապալումը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռուդի Ջուլիանին, արխիվ, Վաշինգթոն, 5 մայիսի, 2018թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռուդի Ջուլիանին, արխիվ, Վաշինգթոն, 5 մայիսի, 2018թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական դաշնակից և իրավական հարցերով խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին երեկ Փարիզում՝ «Ազատ Իրան» կազմակերպության անցկացրած հավաքում ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայիս վարչակարգի վերջը մոտեցել է:

Նրա հայտարարել է, որ Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցները հետզհետե ավելի են հզորանալու:

«Մենք հիմա իրապես կարող ենք տեսնել իրանական ռեժիմի վերջը»,- հայտարարել է Ջուլիանին հանրահավաքում, որին ներկա են եղել նաև իրանցի ընդդիմադիրները:

Ջուլիանին նշել է, որ Իրանում օրըստօրե հզորանում են կառավարության դեմ բողոքի ակցիաները, որոնք մեկնարկել են այն բանից հետո, երբ միջուկային գործարքից ամերիկացիների դուրս գալու կապակցությամբ պատժամիջոցները վերականգնվել են, և երկրում ֆինանսական-տնտեսական վիճակը կտրուկ վատթարացել է:

«Երբ տնտեսական գերտերությունները հրաժարվում են քեզ հետ գործ ունենալ, դու տապալվում ես, իսկ պատժամիջոցները միայն կսաստկանան», - ասել է Ջուլիանին:

Միաժամանակ նա ասել է, թե դեմ է իրանական ընդդիմությանը զինելուն, նշելով, թե «նախագահ Թրամփը պետք է պատժամիջոցներով խեղդի դիկտատոր-այաթոլաներին»:

«Հիմար է նա, ով կմտածի, թե այաթոլաները ազնիվ են, նրանք խաբեբաներ են», - ասել է Ջուլիանին և ավելացրել, թե «Իրանի հետ համագործակցությունը շարունակող դաշնակիցները պետք է ամաչեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG