Հինգ զոհ, մի քանի ծանր վիրավոր ամերիկյան Capital Gazette օրաթերթի խմբագրության վրա կատարված հարձակման հետևանքով: Միացյալ Նահանգների պատմության մեջ սա համարվում է ամենամահաբեր հարձակումը մամուլի վրա: Զինված մարդը հարձակումն իրականացրել է մայրաքաղաք Վաշինգտոնի հարևանությամբ գտնվող Մերիլենդ նահանգի կենտրոն Անապոլիս քաղաքում, որտեղ տեղակայված է Capital Gazette-ի խմբագրությունը:
Ոստիկանությունը հաղորդում է, որ հարձակվողը հենց դեպքի վայրում ձերբակալվել է: Իրավապահները միջադեպը բնորոշել են «թիրախավորված, դիտավորյալ գործողություն»: Մինչ այդ սոցցանցերի միջոցով օրաթերի խմբագրությունը սպառնալիքներ էր ստացել: Սպիտակ տունը, ԱՄՆ քաղաքական առաջնորդները դատապարտել են Capital Gazette-ի դեմ կատարված զինված հարձակումը: Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը «Թվիթերում» գրել է, որ բռնի հարձակումն իրենց աշխատանքը կատարող անմեղ լրագրողների վրա՝ հարձակում է յուրաքանչյուր ամերիկացու վրա:
Capital Gazette-ի լրագրողներից մեկը, ով կրակոցների ժամանակ պատսպարվել է գրասեղանի հետևում, «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է, որ զինյալը կրակել է ապակյա դռներից դեպի ներս, կրակ բացելով խմբագրության բոլոր աշխատակիցների վրա: Նա գրել է, որ խմբագրության գրասենյակը նման էր պատերազմական գործողությունների գոտու:
Հարձակումն իրականացվել է հունիսի 28-ին, կեսօրից հետո, ժամը 14:30-ի սահմաններում: Րոպեների ընթացքում ոստիկանությունը դեպքի վայր է հասել, բայց այն բանից հետո միայն, երբ արդեն հինգ զոհ կար: Հարձակվողը ոստիկանության հետ փոխրաձգության մեջ չի մտել: Իրավապահներն այսօր հրապարկել են հարձակվողի անունը՝ նա 38-ամյա Ջարոդ Ռամոսն է:
Baltimore Sun-ը, ում պատկանում է Capital Gazette օրաթերթը, ենթադրում է, որ Ռամոսը վրեժ է լուծել: Դեռ 2011 թվականին Capital Gazette-ը նյութ էր հրապարակել բռնարարքի հատկանիշներով հարուցված քրեական մի գործի մասին, որի մեջ ներգրավված է եղել Ռամոսը: Ավելի ուշ նա թերթի դեմ բողոք է ներկայացրել, իրեն զրպարտելու համար, սակայն դատարանը վճիռ էր ընդունել հօգուտ թերթի: