Մատչելիության հղումներ

Վարչապետի որոշմամբ Լոռու երրորդ փոխմարզպետն է նշանակվել


Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյան, արխիվ

Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Լոռու արդեն երրորդ փոխմարզպետը՝ Սերգեյ Սարուխանյանը, ում մարզպետ Հրանտ Մարգարյանը պատրաստվում է երկուշաբթի օրը ներկայացնել աշխատակազմին։ Սարուխանյանը, իր ֆեյսբուքյան էջի համաձայն, վանաձորցի է և աշխատել է Սփյուռքի նախարարությունում։

Ավելի վաղ նշանակվել էին մարզպետի երկու տեղակալներ՝ Արամ Խաչատրյանն ու Անդրեյ Ղուկասյանը, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են։ Նորանշանակ փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը նշանակվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քվոտայով՝ ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը ներկայացնող փոխմարզպետ Հովհաննես Թադևոսյանի փոխարեն, ով այսօր ազատման դիմում է ներկայացրել մարզպետին։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հովհաննես Թադևոսյանը, «կառավարության քաղաքական պայմանավորվածությունների համաձայն՝ Լոռու մարզում Դաշնակցությունն այլևս փոխմարզպետի քվոտա չունի»։ Նոր կառավարության օրոք 10 մարզպետարաններում Դաշնակցության փոխմարզպետի համար ունեցած քվոտաները 3-ով կրճատվել են։

Հիշեցնենք, Լոռու ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակված փոխմարզպետներից մեկի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անդրեյ Ղուկասյանի միջև ակնհայտ հակասություններ կան։ Ղուկասյանն իր նշանակման առաջին իսկ օրից քննադատական հայտարարություններ է անում մարզպետի հասցեին, երեկ անգամ հայտարարեց, թե կասկածի տակ է առնում մարզպետի գործողությունների օրինականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG