Մատչելիության հղումներ

ԵՄ ղեկավարները համաձայնության եկան միգրացիոն նոր ռազմավարության շուրջ


Փախստականները ժամանում են Իտալիա, հունիս, 2018թ.
Փախստականները ժամանում են Իտալիա, հունիս, 2018թ.

Բրյուսելում ավելի քան 10 ժամ շարունակված բանակցություններից հետո Եվրամիության անդամ 28 պետությունների ղեկավարները այսօր վաղ առավոտյան ի վերջո կարողացան ընդհանուր հայտարարի գալ` պայմանավորվելով անօրինական ներգաղթի դեմ նոր համաեվրոպական ռազմավարություն որդեգրելու մասին:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ եվրոպական պետությունները պարտավորվում են ուժեղացնել Եվրամիության արտաքին սահմանների հսկողությունը, ինչպես նաև անօրինական ներգաղթյալների համար հատուկ միգրացրոն կենտրոններ ստեղծել, որտեղ աֆրիկյան և ասիական պետությունների քաղաքացիները կսպասեն իրենց կարգավիճակի հստակեցմանը:

Բանակցությունների գլխավոր մասնակիցներից մեկի` Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի խոսքով, սակայն, այս գիշեր ձեռք բերված համաձայնությունը երկար ճանապարհի միայն առաջին քայլն է:

«ԵՄ օրակարգում առկա ամենախնդրահարույց թեմայի շուրջ նման ինտենսիվ բանակցությունների ավարտին ես կարող եմ միայն ասել, որ համաձայնության ձեռքբերումն ինքնին լավ նշան էր: Ակնհայտ է սակայն, որ առջևում դեռ շատ անելիք կա», - նշում էր Մերկելը:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի խոսքով` բանակցությունների մեկնարկին դրանց հեռանկարները բավական մշուշոտ էին թվում:

«Եվրոպան կղզի չէ, և մենք պետք է կարողանանք դիմակայել առկա մարտահրավերներին: Շատերն էին կանխատեսում, որ այս հանդիպումը տապալվելու է: Մենք, սակայն, կարողացանք շարժվել ոչ թե նեղ ազգային, այլ համաեվրոպական լուծումների ճանապարհով», - նշում էր Մակրոնը:

Ներգաղթի թեման ԵՄ պետությունների համար կրկին առաջնային դարձավ, երբ Իտալիայում իշխանության եկած աջակողմյան կոալիցիան պահանջեց արմատապես վերանայել դաշինքի միգրացիոն քաղաքականությունը:

«Իտալիան չի կարող միայնակ դիմակայել անօրինական ներգաղթի` Աֆրիկայից եկող հոսքին», - հայտարարում էին Իտալիայի նոր իշխանությունները` խոսքերից գործի անցնելով: Հունիսի 11-ին պաշտոնական Հռոմը թույլ չտվեց ավելի քան 200 աֆրիկյան ներգաղթյալների տեղափոխող Aquarius նավին մուտք գործել իտալական նավահանգիստներ:

Այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները արդեն Իտալիայի վարչապետին ակնհայտորեն բավարարում են:

«Կարող եմ ասել, որ ԵՄ խորհրդի այս նիստի ավարտին մենք շատ ավելի պատասխանատու և միասնական Եվրոպա ունենք: Իտալիան այլևս միայնակ չէ», - հայտարարում էր Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:

Իտալացիների գլխավոր պահանջներից մեկը ԵՄ անդամ պետությունների միջև միացյալ պատասխանատվության սկզբունքի կիրառումն է, երբ դաշինքի տարածք մուտք գործած ներգաղթյալների համար պատասխանատու կլինի ոչ թե նրանց առաջինը իր տարածքում ընդունած պետությունը (որպես կանոն՝ դա հենց Իտալիան է), այլ բոլոր պետությունները հավասարապես: Այս առումով առանցքային փոխզիջումը, որին հանգեցին կողմերը, միգրացիոն կենտրոնների ստեղծումն է:

«Մեզ ուրախացնում է այն հանգամանքը, որ առաջին անգամ միգրացիոն կենտրոններ կստեղծվեն ԵՄ սահմաններից դուրս: Դուք գիտեք, որ մենք վաղուց արդեն հանդես էինք գալիս այսպես կոչված պաշտպանված գոտիների ստեղծման գաղափարով: Մենք շատ ուրախ ենք, որ այս մտահղացումն ի վերջո կյանքի կոչվեց` տեղ գտնելով հռչակագրի տեքստում», - հայտարարում էր հուլիսի 1-ից ԵՄ նախագահությունը ստանձնող Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը:

Միգրացիոն կենտրոնների տեղակայման վայրերը ԵՄ ղեկավարները դեռ չեն հստակեցնում: Չի բացառվում, որ դրանց մի մասը տեղակայվի նաև Եվրամիության տարածքում: Բրյուսելը, այդուհանդերձ, չի կարող պարտադրել իր անդամներին համաձայնել այդ կենտրոնների տեղակայմանն իրենց տարածքում: Այդ փաստը ուրախացնում է հատկապես Արևելյան Եվրոպայի պետությունների ղեկավարներին:

«Այո, սա շատ լավ փոխզիջում է: Մենք հասանք մեր նպատակին, այն է՝ [միգրացիան կենտրոնների] տեղակայումը հիմնված է լինելու բացառապես կամավորության և փոխհամաձայնության սկզբունքի վրա», - բանակցությունների ավարտին նշում էր Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին:

Եվրամիության ղեկավարները երեկ համաձայնության եկան նաև սիրիացի ներգաղթյալների հոսքը Թուրքիայի տարածքով կանխարգելելու շուրջ: Առաջիկայում Անկարան կստանա 3 միլիարդ եվրո կազմող օգնության երկրորդ տրանշը, որի միջոցով պետք է բարելավվի Թուրքիայի տարածքում բնակվող սիրիացի փախստականների վիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG