Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել Վրաստանին հավելյալ օժանդակություն տրամադրելու օրինագիծ


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել Վրաստանին հավելյալ օժանդակություն տրամադրելու օրինագիծ, որն, ըստ պաշտոնական Թբիլիսիի, իր տեսակի մեջ ամենաընդարձակն ու խոստումնալիցն է Վրաստանի անկախացումից ի վեր:

Փաստաթուղթը, որին աջակցում են թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրներ, վերստին ընդգծում է Միացյալ Նահանգների անվերապահ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, կոչ է անում հավելյալ ռազմական օժանդակություն տրամադրել Թբիլիսիին՝ ռուսական ագրեսիային դիմակայելու համար, ինչպես նաև՝ ակտիվացնել բանակցությունները Վրաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ:

Առանձին դրույթով փաստաթուղթը նաև հորդորում է ամերիկյան կառավարությանն՝ աջակցել Թբիլիսիի անդամակցությանը եվրատլանտյան կառույցներին:

«Կասկած չկա, որ Միացյալ Նահանգները պետք է ավելին անի՝ օգնելու Թբիլիսիին ժողովրդավարության կայացման և ռուսական, շատ իրական սպառնալիքներին դիմակայելու հարցում», - հայտարարել է օրինագծի համահեղինակ, կոնգրեսական Թեդ Պոն՝ հիշեցնելով Վրաստանի կարևոր ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններում:

«Այս բանաձևը ցույց է տալիս Նահանգների լիակատար աջակցությունը Վրաստանին և մեր հստակ դիրքորոշումը՝ Թբիլիսին պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Անհրաժեշտ է շատ հստակ ընդգծել, որ Վրաստանի տարածքի մի մասը օկուպացված է Ռուսաստանի կողմից, ինչն անընդունելի է Միացյալ Նահանգների համար: Եվ եթե մենք ընդունենք այս փաստաթուղթը, իսկ ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի, սա կդառնա Վրաստանի և Միացյալ Նահանգների համերաշխության ևս մեկ օրինակ», - ասել է Թեդ Պոն:

Խոստանալով աջակցել Վրաստանին անվտանգության ոլորտում, որպեսզի երկիրը կարողանա ամրապնդել սեփական պաշտպանական կարողությունները, այդ թվում՝ զինված ուժերը, փաստաթուղթը նաև կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին՝ պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են, կամ պատասխանատու են Վրաստանից անջատված շրջաններում ՝Հարավային Օսիայում և Աբխազիայում մարդու իրավունքների ոտնահարման համար:

«Սա պատմական իրադարձություն է», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, ով այս օրերին մեկնել էր Միացյալ Նահանգներ: - «Առաջին անգամ Միացյալ Նահանգների Կոնգրեսում՝ մեր բարեկամների նախաձեռնությամբ, շրջանառության մեջ է դրվում փաստաթուղթ, որն արտացոլում է Վրաստանի առջև ծառացած բոլոր մարտահրավերները, ինչպես նաև վերահաստատում է Վաշինգտոնի աջակցությունը մեզ համար առանցքային հարցերին: Մասնավորապես, Կոնգրեսը դատապարտում է Ռուսաստանի գործողությունները, այդ թվում՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտումները: Սա կարևորագույն պատմական փաստաթուղթ է, և ես հույս ունեմ, որ այն կստանա Կոնգրեսի աջակցությունը»:

Արտգործնախարար Դավիթ Զալկալիանին աննախադեպ է որակել փաստաթուղթը՝ պնդելով, թե «Վրաստանը դեռևս երբեք նման հզոր օրենսդրական աջակցություն չի ստացել»:

Օրինագծի քննարկման և ընդունման ժամկետները դեռ հստակ չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG