Մատչելիության հղումներ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրատան՝ Մատենադարանի հիմնադիր տնօրեն Լևոն Խաչիկյանի հոբելյանի կապակցությամբ հրավիրվել է հայագիտական միջազգային եռօրյա գիտաժողով, որին մասնակցում են ինչպես հայաստանցի, այնպես էլ տարբեր երկրներից ժամանած հայագետներ:

1954 թվականին 36-ամյա Լևոն Խաչիկյանը նշանակվել էր Մատենադարանի տնօրեն: Այն ժամանակ Մատենադարանի ներկայիս շենքը դեռ գոյություն չուներ, և Մատենադարանը գործում էր ներկայիս Ազգային գրադարանի շենքում՝ որպես գրադարանի բաժիններից մեկը, և միայն մեր լավագույն ճարտարապետներից մեկի՝ Մարկ Գրիգորյանի նախագծով Մատենադարանի շենքի կառուցումից հետո, 1959 թվականից Լևոն Խաչիկյանը հնարավորություն ստացավ ամբողջովին բարեփոխել Մարտենադարանի գործառույթները՝ ձեռագրատան թանգարանագրադարանային գործունեությունը խորապես ուղղորդելով դեպի գիտահետազոտական ոլորտ:

Գիտաժողովի բացումից առաջ լրագրողների հետ զրույցում Փարիզի համալսարանի անվանի հայագետ Կլոդ-Արմեն Մութաֆյանն ասաց․ - «Այո, ես նրան [Լևոն Խաչիկյանին] հանդիպել եմ, քիչ մը ուշ, բայց հանդիպել եմ, և բավական էր հասկանալու համար, թե ինչ հսկա գործ է արել: Շատ ուրախ եմ, որ հարյուրամյակի առիթով մեծ գիտաժողով է անցկացվում, որովհետև իսկապես նման արժանի գիտնականներ շատ չկան»:

«Գիտաժողովը մի լավ առիթ է ևս մի անգամ հիշելու Լևոն Խաչիկյանի վաստակը, նրա մեծ ներդրումը», - ասաց Մատենադարանի տնօրեն Վահան-Տեր Ղևոնդյանը:

Այսօր գիտաժողովի բացմանը ներկա էր Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Իր խոսքում նա ասաց․ - «Մենք շատ կոնկրետ օրինակներով մեր երիտասարդությանը, մեր երիտասարդ գիտնականներին պետք է ցույց տանք, թե ինչպիսի մասնագետներ ենք ունեցել: Լևոն Խաչիկյանը հատկապես հայագիտության զարգացման համար մեծ ներդրում է ունեցել: Նա եղել է մի մարդ, որը թույլ է տվել մեզ նորովի նայել մեր պատմությանը: Առհասարակ Մատենադարանի ստեղծումը նրա անվան հետ է կապվում, իսկ Մատենադարանով մենք կարողանում ենք հպարտանալ շատ երկրներում»:

«Ազատության» հարցին, թե ինչպես է հաջողվել Խաչիկյանին խորհրդային պայմաններում հասնել Մատենադարանի ստեղծմանը, Վահան Տեր-Ղևորդյանը պատասխանեց․ - «Դա իսկապես հրաշքի հավասար մի բան էր: Պատկերացրեք մի երկրում, որի գաղափարախոսությունը աթեիստական է, ստեղծել մի կառույց, մի ձեռագրատուն, մի հետազոտական ինստիտուտ, որտեղ ուսումնասիրվում և ցուցադրվում են գրեթե հարյուր տոկոսով կա՛մ կրոնական բովանդակությամբ, կա՛մ հոգևորականների ստեղծած ձեռագրեր, որոնք, իհարկե, նաև պարունակում են գիտության տարբեր ճյուղեր, գրականություն, ընդհանրապես մշակույթ: Սա ինքնին արդեն մի հրաշք էր: Բացի դրանից, Լևոն Խաչիկյանը այն ժամանակ շատ մեծ դժվարություններ է հաղթահարել, անընդհատ հարվածների տակ է եղել որոշ երդվյալ կոմունիստների կողմից նույնիսկ իր կադրային քաղաքականությամբ: Որովհետև ստիպված էր ընդգրկել մարդկանց, որոնք․․․ կամ, ասենք, աքսորից վերադարձած մարդիկ, կամ հոգևոր ճեմարան ավարտածներ, հայրենադարձներ: Մարդիկ էին պետք, որոնք գիտեին գրաբար: Խաչիկյանը ստացել է շատ հարվածներ, դիմացել է դրանց և այդ ամեն ինչին զուգահեռ հսկայական հետազոտական, կազմակերպական աշխատանք է կատարել»:

Կրթության և գիտության նախարարը հավելեց․ - «Հեղափոխական մարդ է եղել: Եվ ներկայում պետք է և գիտության մեջ ներկայացնել հեղափոխականներին, ինչը թույլ կտա երիտասարդներին որպես օրինակ և որպես ուղենիշ վերցնել նրան ու առաջ շարժվել»:

Ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի դուստրերը՝ արևելագետ Մարգարիտ Խաչիկյանն ու հայագետ Շուշանիկ Խաչիկյանը, որն ի դեպ վերջին 7 տարիների Մատենադարանի փոխտնօրենն է եղել, «Ազատության» հետ զրույցում ներկայացնում էին իրենց հոր չափազանց ժուժկալ և ուրիշի ցավը սեփականի պես կրող կերպարը:

Գիտաժողովի բացմանը զուգահեռ Մատենադարանի աշխատակիցները նաև ցուցադրություն են կազմակերպել, որտեղ ներկայացված են մեծ գիտնականի ուսումնասիրությունները, ձեռագրերը, նամակները, նաև անձնական իրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG