Մատչելիության հղումներ

Կառավարությունը հետաձգեց դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշման կիրարկումը մինչև 2019-ի հուլիսի 1-ը


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստում առաջարկեց դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշման կիրարկումը հետաձգել մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը՝ թողնելով միայն բացառությունները։

«Թողնել միայն թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային, հակաբակտերիային, հակասնկային, հակամիկրոբային, հակավիրուսային դեղերը՝ անտիբիոտիկները, այդ ընթացքում կքննարկվեն բոլոր դիտողություններն ու առաջարկությունները՝ ձեռնարկելով որոշման կիրարկմանը խոչընդոտող գործոնները հաղթահարելու միջոցառումներ: Մինչև 2018 թվականի ավարտը կամփոփենք այդ բոլոր դիտողությունների ընդունումը, կմշակվեն, կվերլուծվեն բոլոր ռիսկերը՝ չարաշահումները, իսկ արդյունքների մասին կտեղեկացվի կառավարությանը», - ասաց Թորոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ պետք է այս մեկ տարին օգտագործել հանրության հետ մասնագիտական պրակտիկ երկխոսություն ծավալելու և ամեն ինչը բացատրելու, ներկայացնելու համար։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ոլորտում ունենք խնդիր, որը պետք է անպայման կարգավորել, բայց այս ժամկետների հետաձգումներն ի վերջո անիմաստ են դառնում, եթե այս ընթացքում հանրության հետ տեղի չի ունենում երկխոսություն: Մենք հիմա ասում ենք՝ հետաձգենք ևս մեկ տարով, այդ ընթացքում գնում, մոռանում ենք, զբաղվում ուրիշ գործերով, մեկ էլ մյուս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում, մարդիկ այդ մասին տեղեկանում են լուրերի թողարկումից ու զարմանում: Այսինքն՝ այս հետաձգումների իմաստն այն է, որ մենք խնդիրներն ինքներս խորությամբ հասկանանք ու մարդկանց ներկայացնենք, պատրաստենք այդ փոփոխություններին: Ի վերջո, փիլիսոփայության առումով այս փոփոխությունները մի հսկայական մասով տրամաբանական են», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Պետք է այս մեկ տարին օգտագործենք հանրության հետ մասնագիտական պրակտիկ երկխոսություն ծավալելու և ամեն ինչը բացատրելու, ներկայացնելու համար, մինչև մարդկանց համոզենք, որ այս մեխանիզմը պետք է կիրառվի հօգուտ և ոչ թե ընդդեմ իրենց»:

Այսպիսով, դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվեց մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը՝ թողնելով միայն նախարարի նշած բացառությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG