Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքը եղել է օրինական. Օսիպյան


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքը եղել է օրինական, այսօր կառավարության նիստից առաջ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Մենք ի սկզբանե չգիտեինք՝ զենքն օրինական է, թե՝ ոչ, բայց այն, որ մենք տեղեկություն ենք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանի մոտ և հետևի՝ երկրորդ մեքենայի մեջ կան զենքեր, դա փաստ է, և այդ փաստը ստուգելու համար մենք ներկայացրեցինք ոստիկանություն, որտեղ ստուգվեցին և՝ այո, այդ զենքերն օրինական էին, հիմա փորձաքրեագիտականում են, անցնում են համապատասխան փորձաքննություն», - ասաց Օսիպյանը։

«Ազատության» հարցին, թե նրա հետ կապված այլ կասկածներ, այլ օպերատիվ տեղեկություններ կա՞ն, Օսիպյանը պատասխանեց. - «Այս պահին սահմանափակվենք այսքանով։ Մշտապես ոստիկանությունն ունենում է օպերատիվ տեղեկություններ, որևէ բան լինելու դեպքում, վստահեցնում եմ Ձեզ, կտեղեկանաք»։

Մեկ այլ հարցի, թե ոստիկանությունը ստացե՞լ է զանգեր, ակնարկներ՝ Ալեքսանդր Սարգսյանին ազատ արձակելու մասով, ոստիկանապետը պատասխանեց. - «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխան և Սահմանադրությունից բխող մյուս օրենքներին համապատասխան, ինձ որևէ ցուցում, որևէ հրաման, կարծում եմ, խելացի չի, որ որևէ մեկը տա, ես օրենքի շրջանակներում եմ ցանկացած գործողություն իրականացնում»։

Հիշեցնենք՝ հունիսի 25-ին ոստիկանությունը Սայաթ-Նովա փողոցից բերման ենթարկեց Ալեքսանդր Սարգսյանին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով: Ժամեր անց ոստիկանությունը նրան ազատ արձակեց։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ստուգվում է նրա մոտ հայտնաբերված զենքի օրինականությունը։

Նշենք, որ 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանը, ով ավելի հայտնի է Սաշիկ անունով, 2003-2011 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, մամուլը նրա անունը կապում է բազմաթիվ բիզնեսների հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG