Մատչելիության հղումներ

Թուրքիան է՛լ ավելի է հեռանում Եվրամիությունից․ ԵՄ խորհրդի զեկույց


Եվրամիության և Թուրքիայի դրոշները, արխիվ
Եվրամիության և Թուրքիայի դրոշները, արխիվ

«Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները փակուղում են»․ - այս շաբաթ նման գնահատականով հանդես եկան Եվրամիության խորհրդի անդամները հատուկ տվյալ առիթով հրապարակած զեկույցում:

Գնահատելով ԵՄ անդամության թեկնածու հանդիսացող պետությունների հետ բանակցությունների ներկայիս վիճակը` Եվրամիության ղեկավարները արձանագրում են․ - «Թուրքիայի եվրոպական հեռանկարների շուրջ լուրջ առաջընթացը տեսանելի ապագայում քիչ հավանական է»:

«Թուրքիան է՛լ ավելի է հեռանում Եվրամիությունից, բանակցությունները փաստացի դադարեցված են, և որևէ նոր ոլորտի շուրջ բանակցությունների մեկնարկ կամ Եվրամիություն-Թուրքիա մաքսային միության արդիականացման շուրջ քննարկումներ նախատեսված չեն», - պնդում են զեկույցի հեղինակները` հատուկ ընդգծելով, որ Թուրքիայի գլխավոր խնդիրներից մեկը բազմաթիվ ներքին մարտահրավերներն են:

«Անկարան պետք է շարունակի լուրջ ուշադրություն դարձնել օրենքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության վրա: Թուրքիայի իշխանությունները մտահոգիչ կերպով նահանջում են օրենքի գերակայության սկզբունքից, անկախ դատական համակարգի բացակայությունն ու դատարանների գործունեության վատթարացումը որևէ արդարացում չունի», - նշում են զեկույցի հեղինակները: Նրանց համոզմամբ` հարկավոր է վերջ տալ «թուրք լրագրողների, գիտնականների, քաղաքական կուսակցությունների անդամների` մասնավորաբար խորհրդարանականների դեմ ուղղված սահմանափակումների, ձերբակալությունների և դատավճիռների հրապարակման քաղաքականությանը»:

Եվրամիության ներկայացուցիչները հատուկ ընդգծում են, որ 2016-ի հուլիսյան հեղաշրջման փորձից անմիջապես հետո Բրյուսելը խստորեն քննադատել էր թուրք զինվորականների գործողությունները, սակայն պաշտոնական Անկարայի հակազդեցության ծավալները, եվրոպացի պաշտոնյաների համոզմամբ, «համաչափ չէին»:

Եվրամիության խորհուրդը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին հիշել իրենց իսկ ստանձնած պարտավորությունների մասին և հետևել դրանց:

Եվրամիության խորհրդի անդամները նաև կոչ են անում Թուրքիային «բարելավել հարաբերությունները Կիպրոսի հետ և հարգել ԵՄ անդամ բոլոր պետությունների ինքնիշխանությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG