Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել երկրի արդարադատության համակարգին քայլեր ձեռնարկել՝ երաշխավորելու մարդկանց կյանքի ու բիզնեսի անվանգությունը: Սա հոգևոր առաջնորդի առաջին արձագանքն է շաբաթասկզբից Թեհրանում շարունակվող բողոքի ցույցերին, որոնք սկիզբ են առել հիմնականում տնտեսական խնդիրների պատճառով:
Վերջին կես տարում ազգային արժույթը՝ ռիալը, շուրջ հիսուն տոկոսով արժեզրկվել է, աղքատության ու գործազրկության ցուցանիշները՝ բարձրացել:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, մինչդեռ, արձագանքելով այդ ցույցերին, Թվիթերում գրել է՝ իրանցիները հոգնել են կոռուպցիայից, անարդարությունից ու իրենց առաջնորդների անիրավությունից, հավելելով՝ «աշխարհը պետք է լսի նրանց ձայնը»:
Անցած երկուշաբթի Թեհրանում՝ խորհրդարանի շենքի մոտ, ցույցն ավարտվել էր ոստիկանության հետ բախումներով, տասնյակ մարդիկ ձերբակալվել էին, երկրի գլխավոր շուկան՝ փակվել: