Մատչելիության հղումներ

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին մեղադրանք է առաջադրվել


Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը, արխիվ
Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը, արխիվ

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին՝ «Բանանց» ակումբի մարզիկին կաշառելու համար։

«Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. մայիսի 3-ին «Շիրակ» ՖԱ-ի մարզչական տնօրեն Ա. Հարությունյանը հանդիպման է հրավիրել «Բանանց» ՖԱ-ի արհեստավարժ ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին և կաշառք առաջարկել՝ «Բանանց»-«Շիրակ» ֆուտբոլային ակումբների՝ մայիսի 5-ին նախատեսված խաղի ժամանակ սխալներ թույլ տալու և պարտվելու համար։ Հանդիպումը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում գործող սուպերմարկետներից մեկի մոտ՝ Ա. Հարությունյանին պատկանող ավտոմեքենայի մեջ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում: - «Քննության տվյալներով՝ Ա. Հարությունյանը մրցակից ակումբի ֆուտբոլիստին, ով նախկինում խաղացել է «Շիրակ» ՖԱ-ում, առաջարկել է 5.000 ԱՄՆ դոլար՝ խաղը պարտվելու դիմաց, որից 1.000 ԱՄՆ դոլարը տվել է նույն օրը՝ որպես կանխավճար, իսկ մնացած մասը խոստացել փոխանցել խաղի ավարտին՝ պարտությունից հետո։ Ֆուտբոլիստը վերցրել է գումարը, ապա՝ այդ մասին հայտնել «Բանանց» ակումբի տնօրինությանը։ Ֆուտբոլիստը հայտնել է, որ գումարը վերցրել է, քանի որ «Շիրակ» ՖԱ-ն իրեն պարտք է եղել՝ չվճարված բոնուսների համար։ Կատարվածը փաստերով ներկայացնելու նպատակով վերջինս իր հեռախոսի «whatsapp» հավելվածով՝ հաղորդագրությունների տեսքով, շփվել է մարզչական տնօրենի հետ և հաղորդագրությունները ներկայացրել ակումբի ղեկավարությանը»:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ այսօր «Շիրակ»-ի մարզչական տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի («Արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը») 1-ին մասով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, Գյումրիի «Շիրակ»-ի շուրջ սկանդալի պատճառով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թիմի մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ հեռացրել է ֆուտբոլից, 7 միլիոն դրամով տուգանել ակումբին ու զրկել 12 միավորից, ինչը թիմին զրկել է Հայաստանի առաջնությունում հաղթելու հնարավորությունից։

«Շիրակ»-ի ղեկավարությունը պնդում է, որ տեղյակ չի եղել այդ գործարքից, թիմի երկրպագուներն էլ բողոքի ակցիաներ էին անցկացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG