Մատչելիության հղումներ

Եգիպտոսը կհետաքննի իր հավաքականի ձախողումը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում


Դրվագ Եգիպտոս-Սաուդյան Արաբիա հանդիպումից, Վոլգոգրադ, 25-ը հունիսի, 2018թ․
Դրվագ Եգիպտոս-Սաուդյան Արաբիա հանդիպումից, Վոլգոգրադ, 25-ը հունիսի, 2018թ․

Եգիպտոսի իշխանությունները հետաքննություն կանցկացնեն ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի պարտության պատճառների շուրջ, հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը:

Խորհրդարանի երիտասարդության ու սպորտի հարցերով հանձնաժողովը, մասնավորապես, մտադիր է պարզել, թե ինչու է հավաքականին պարապմունքների համար մարզաբազա հատկացվել Չեչնիայում՝ առաջնությունը հյուրընկալած քաղաքներից հեռու, և ինչու են բիզնեսմեններն ու արտիստները անարգել մտել այդ տարածք:

Ավելի վաղ պատգամավորները քննադատել էին հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Սալահի հանդիսավոր ընթրիքը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հետ, որի ընթացքում ֆուտբոլիստին Չեչնիայի պատվավոր քաղաքացու կոչում էր շնորհվել:

Եգիպտոսի հավաքականը պարտվել է աշխարհի առաջնության խմբային փուլի բոլոր երեք խաղերում՝ Ուրուգվային, Ռուսաստանին ու Սաուդյան Արաբիային, ինչը խորհրդարանական հանձնաժողովը որակել է ամոթալի և նվաստացուցիչ: Հավաքականի գլխավոր մարզիչ, 62-ամյա արգենտինացի Հեկտոր Կուպերն այսօր պաշտոնանկ է արվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG