Մատչելիության հղումներ

«Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլև նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի». Արմեն Սարգսյան


Եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակել է ԱՄՆ Արևելյան ափին կազմակերպված՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շարքը:

Միջոցառմանը հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է Հայաստանի Առաջին Հանրապետության դերին ու նշանակությանը, կարևորել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու դրանց խորացման անհրաժեշտությունը, խոսել հզոր ու զարգացած երկիր ունենալու մասին, որով աշխարհի բոլոր հայերն իրենց հպարտ կզգան:

«Մեր այսօրվա ուղերձը հստակ է: Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլև նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի, որով բոլորս հպարտ կլինենք ու աշխարհում մեզ հպարտ կզգանք, որ հայ ենք», - մասնավորապես նշել է նախագահը:

Ընդունելությանը մասնակցել են ամերիկահայ համայնքի` ԱՄՆ տարբեր ծայրերից ժամանած մի քանի հարյուր անդամներ, ԱՄՆ Կոնգրեսի ու Սենատի անդամներ, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG