Մատչելիության հղումներ

«Միջնաժամկետ ծախսերի ծրագրում պետք է փորձենք արտահայտել համազգային ձգտումները». Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, նիստում քննարկվել են Հայաստանում 2019-2021 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները և հարկաբյուջետային շրջանակը:

«Ցանկանում եմ արձանագրել հետևյալը. ըստ էության, Միջնաժամակետ ծախսերի ծրագրի ձևակերպումը, կազմումը բավականին տևական պրոցես է և դա սկսվել է քաղաքական մի իրավիճակում ու ավարտին է մոտենում մեկ այլ իրավիճակում: Մեր խնդիրն է՝ քննարկման արդյունքներով, առաջինը՝ հասկանալ այսօրվա օբյեկտիվ իրավիճակն ու հեռանկարները, երկրորդը. այնուամենայնիվ Միջնաժամկետ ծախսերի ծրագրում պետք է փորձենք արտահայտել այսօր առկա նոր քաղաքական իրավիճակը և դրանից բխող մեր պետական, ժողովրդական և համազգային ձգտումները: Հույս ունեմ, որ այսօրվա քննարկումն այդ առումով կլինի արդյունավետ: Մենք ժամկետով ևս սահմանափակված ենք, բայց պետք է փորձենք այս կարճ ժամանակում մաքսիմալ արդյունավետ աշխատել և ունենալ ոչ միայն իրատեսական, այլ նաև լավատեսական Միջնաժամկետ ծախսերի ծրագիր», - մինչև քննարկումը հայտարարել է վարչապետը՝ շարունակելով. - «Հայաստանում սովորաբար լավատեսությունը և իրատեսությունն օգտագործվում են որպես հականիշներ, մեր և ընդհանրապես կառավարության հիմնական խնդիրն է լավատեսությունն ու իրատեսությունը դարձնել հոմանիշներ: Այս առումով, Միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ամենակարևոր գործիքն է այս խնդիրը լուծելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG