Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Վաշինգտոնում հանդիպել է ամերիկացի գործընկերոջ՝ Ռիք Փերիի և ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցներն ու էներգետիկային վերաբերող հարցեր:
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը անցած տարի է՛լ ավելի խստացրեց Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ սահմանափակումներ մտցնելով ռուս օլիգարխների, ռազմական ու հետախուզական գործակալությունների նկատմամբ:
«Մենք չէինք կարող խուսափել այս դժվարին հարցերից», - ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո ասել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարը:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, Նովակը հատկապես անդրադարձել է ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի նկատմամբ սահմանափակումներ մտցնելու ամերիկյան սպառնալիքներին:
Դեռ անցած տարի Միացյալ Նահանգների Կոնգրեսը լիազորել է կառավարությանը պատժամիջոցների ցանկում ներառել այս նախագիծը, որով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով հասցնել Գերմանիա՝ շրջանցելով Ուկրաինան:
Նովակը չի ասել, թե պատժամիջոցների մասով կողմերը կոնկրետ ինչ են խոսել, սակայն նշել է, որ պայմանավորվել են շարունակել քննարկումները այս հարցի շուրջ: