Մատչելիության հղումներ

Իսպանացի իրավապահները հաղորդում են հայկական մաֆիոզ խումբ բացահայտելու մասին


Իսպանացի ոստիկանները հատուկ գործողության ժամանակ, արխիվ
Իսպանացի ոստիկանները հատուկ գործողության ժամանակ, արխիվ

Իսպանիայում իրավապահները լայնածավալ գործողության արդյունքում «հայկական մաֆիոզ խումբ» են բացահայտել, որն, ըստ ոստիկանության, հայկական ծագմամբ թերևս ամենախոշոր հանցախումբն է ողջ Եվրոպայի տարածքում:

Ներքին գործերի նախարարությունը պնդում է, թե հանցախումբը զբաղվել է զենքի, թմրամիջոցների ու ծխախոտի ապօրինի շրջանառությամբ, զինված հարձակումներ է իրականացրել, մարդկանց առևանգել ու առանձնապես խոշոր չափերի գումարներ լվացել:

Վերջին տվյալներով՝ ձերբակալվել է 142 մարդ, որոնց մեծ մասը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի քաղաքացիներ են:

Հատուկ գործողություններին մասնակցել է հազարից ավելի ոստիկան, խուզարկություններ են իրականացվել Իսպանիայի միանգամից վեց շրջաններում, այդ թվում՝ Բարսելոնայում, Վալենսիայում, Ալիկանտեում ու Ալբասետեում:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, հետաքննությունը պարզել է, որ հանցախումբը տարիներ շարունակ գործել է մաֆիայի օրենքներով. պարագլուխները, որոնցից մի քանիսը հայտնի են որպես «օրենքով գողեր», ունեցել են իրենց զինված բանդաները, որոնք ահաբեկել են մարդկանց, առևանգել, թրաֆիքինգի ենթարկել՝ պահանջելով, որ վերջիններս ամեն ամիս, այսպես կոչված, հարկ մուծեն հանցախմբի ղեկավարներին ու ընդհանուր գանձարանին: Ընդ որում, խումբը ցանցային կապեր է ունեցել նաև այլ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում ու Լիտվայում:

Ալիկանտեում նաև հայկական մի խումբ է բացահայտվել, որը կաշառել է պրոֆեսիոնալ թենիսիստներին և խաղադրույքներ կատարելով պայմանավորված խաղերում՝ խոշոր եկամուտներ ապահովել:

Ընդհանուր առմամբ, ըստ իսպանական խոշորագույն El Pais պարբերականի, ձերբակալվել են 6 «օրենքով գողեր», նրանց շարքում նշվում են Էրիկ Ջաղինյանի, Արմենակ Բադալյանի, Սարգիս Գրիգորյանի և Արտակ Օհանյանի անունները: Ընդ որում, Իսպանիայի հակակոռուպցիոն դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներն անձամբ են մասնակցել ու ներկա եղել վերջիններիս ձերբակալությանը:

Հանցախմբի գործողություններն իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել 2016 թվականից՝ իսպանական քաղաքներից մեկում տեղի ունեցած սպանություններից հետո, որոնց հետքերը տարել են դեպի վրացական և հայկական մաֆիոզ հանցախմբեր:

Հաղորդվում է, որ քննությունն իրականացվել է երկու փուլով, նախ՝ անցած տարի նոյեմբերին կազմաքանդվել է վրացական մաֆիոզ խմբավորումը, որը գործել է Կախաբեր Շուշանիշվիլիի գլխավորությամբ, ապա թիրախում են հայտնվել հայկական խմբերը, որոնք, ի դեպ, ըստ իսպանական լրատվամիջոցների, վրացիների ձերբակալությունից հետո է՛լ ավելի են ընդարձակել իրենց հանցավոր գործունեությունը՝ դիրքավորվելով մինչ այդ նրանց կողմից վերահսկվող ոլորտներում:

Իրավապահները չեն բացառում, որ առաջիկայում այս գործով կլինեն նոր ձերբակալություններ, այդ թվում՝ Իսպանիայի տարածքից դուրս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG