Մատչելիության հղումներ

Վրաստանի նորանշանակ վարչապետը կրճատում է նախարարությունների թիվը


Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե, արխիվ

Վրաստանի նորանշանակ վարչապետը գրեթե մեկ երրորդով կրճատում է նախարարությունների քանակը` դրանց թիվը 14-ից հասցնելով 11-ի: Այս մասին Մամուկա Բախտաձեն հայտարարեց երեկ` Թբիլիսիում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այսուհետ Վրաստանի կառավարությունը կազմված կլինի 10 նախարարությունից և մեկ պետնախարարի աշխատակազմից: Կառուցվածքային այս փոփոխությունները հնարավորություն կտան մեզ ավելի արդյունավետ կառավարում իրականացնել, բացի այդ՝ փոքր կառավարության հայեցակարգը գործադիր մարմնի արդյունավետ գործունեության կազմակերպման առումով առավել օպտիմալ է: Դրան գումարած՝ տնտեսված միջոցները հնարավոր կլինի ուղղել պետբյուջեի այլ կարիքները հոգալուն», - հայտարարում էր Բախտաձեն:

Նորանշանակ վարչապետի նախաձեռնություններից թերևս ամենաաղմկալին Վրաստանի մշակույթի նախարարության լուծարումն է: Այն միավորվել է կրթության նախարարության հետ:

Կալանավայրերի գործունեությունը համակարգող գերատեսչությունը միացվել է արդարադատության նախարարությանը, իսկ օկուպացված տարածքներից տեղահանված անձանց խնդիրներով զբաղվող նախարարության լիազորությունները վերաբաշխվել են երեք այլ պետական մարմինների միջև:

Վրաստանի վարչապետը նաև խոստանում է, որ արդեն 10 օրից կներկայացնի նոր կառավարության կազմը, որն արմատապես տարբերվելու է Գիորգի Կվիրիկաշվիլիի նախարարական կաբինետի կազմից:

Դեռ անցած շաբաթ, երբ խորհրդարանը հաստատում էր նոր վարչապետի թեկնածությունը, Մամուկա Բախտաձեն հայտարարում էր, թե կառավարություն կհրավիրի մասնագիտական բարձր որակավորում ունեցող մի շարք գործիչների: Չնայած լրագրողների համառ փորձերին, Բախտաձեն նախարարական պաշտոններում առաջադրված թեկնածուների անունները երեկ այդպես էլ չբացահայտեց:

«Խորհրդարանում դուք կտեսնեք կառավարական նոր թիմը: Կարող եմ միայն ասել, որ նոր նախարարների թեկնածությունների շուրջ ակտիվ կոնսուլտացիաները գործնականում ավարտվել են: Խոստանում եմ, որ նոր կառավարության կազմում դուք բավական հետաքրքիր կերպարների կհանդիպեք», - նշում էր Բախտաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG