Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, վերջին օրերին Երևանի 2 բժշկական կազմակերպությունում նկատվել է միանման գանգանտերով երեխաների դիմելիության ակտիվություն:
Ըստ նախարարության, հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները հաճախում են «Գուլիվեր» նախադպրոցական ուսումնական հաստատություն:
«Երեխաների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Նրանց շրջանում նկատվել է լուծ, փսխում, բարձր ջերմություն, թուլություն: Ներկայումս հիվանդների մոտ նկատվում է առողջացման դրական տեղաշարժ, ստանում են համապատասխան բուժում: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 18 հիվանդ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում 9 երեխայի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ (շիգելա զոնե): Թիվը կարող է փոխվել՝ կապված ընթացիկ հետազոտությունների արդյունքների հետ», - ասված է հաղորդագրությունում:
Վարակի աղբյուրի, ինչպես նաև պատճառահետևանքային կապի բացահայտման նպատակով նախադպրոցական ուսումնական հաստատությունում իրականացվել են հետազոտություններ կոնտակտավորների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում, ուսումնասիրվել են երեխաների կեցության պայմանները:
«Կեցության պայմանների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են սանիտարական նորմերի և հիգիենիկ կանոնների կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ խոհանոցում, ինչն էլ պատճառ է դարձել երեխաներին տրամադրվող սննդի երկրորդային աղտոտման: Խախտումների վերացման և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով«Գուլիվեր» նախադպրոցական հաստատության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ նախարարության, մտահոգությունները, թե վարակի հիմքում կարող է լինել ջրի որակական խնդիրը, հիմնավոր չեն, ինչը փաստում են լաբորատոր հետազոտությունները:
Առողջապահության նախարարությունը նշում է, որ պետական վերահսկողության շրջանակներում միջոցառումները շարունակվում են: