Մատչելիության հղումներ

Անկարային վրդովեցրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականը հունիսի 24-ի ընտրություններին


Թուրքիա - Նախագահ Ռեջեփ Էրդողանն ընտրություններից հետո դիմում է աջակիցներին, Ստամբուլ, 24-ը հունիսի, 2018թ.
Թուրքիա - Նախագահ Ռեջեփ Էրդողանն ընտրություններից հետո դիմում է աջակիցներին, Ստամբուլ, 24-ը հունիսի, 2018թ.

Թուրքիայի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել հունիսի 24-ի նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տված գնահատականի կապակցությամբ:

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե «ԺՀՄԻԳ-ի հաշվետվությունում ներառված են տվյալներ, որոնք հակասում են ընտրական գործընթացների անկախ և առարկայական դիտարկում անցկացնելու սկզբունքներին»:

Անկարան պնդում է, թե դիտորդական առաքելությունը ամփոփել է չստուգված տեղեկություններ, ինչի նպատակն է կողմնակալ և բացասական գնահատական տալ Թուրքիայում ընտրական գործընթացին:

«Այդ գործելակերպը մի շարք հարցեր է հարուցում», - հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը:

Նախօրեին ԵԱՀԿ դիտորդները հայտարարել են, որ Թուրքիայի ընտրողներն ունեին իրական այլընտրանք, սակայն նախընտրական արշավը վարելու պայմանները հավասար չէին, քանի որ նախագահ Էրդողանը և նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը արշավի լուսաբանման առումով ունեին չափազանց մեծ առավելություն:

Ըստ ԵԱՀԿ-ի դիտորդների, Թուրքիայի պետական մամուլը և պետության հետ առնչություն ունեցող մասնավոր լրատվամիջոցները բարենպաստ դիրքերից են լուսաբանել Էրդողանի և նրա կուսակցության քարոզարշավը:

ԵԱՀԿ-ն նաև նշել է, որ Թուրքիայում գործող արտակարգ դրությունը սահմանափակել է հավաքների և խոսքի ազատությունը:

Կիրակի օրը տեղի ունեցած արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով, Էրդողանը հաղթել է՝ ստանալով քվեների մոտ 52․5 տոկոսը:

Ազգային մեծ ժողովում «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առաջին տեղում է, սակայն բացարձակ մեծամասնություն չունի և պետք է կոալիցիա կազմի դաշնակից կառույցների հետ:

Ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 29-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG