Մատչելիության հղումներ

Կաթ արտադրողները պահանջում են բարձրացնել մթերման գները


Կաթ արտադրողները, որպես բողոքի նշան, կարճ ժամանակով փակեցին Երևան-Սևան մայրուղին, 25-ը հունիսի, 2018 թ․

Կաթ արտադրող խոշոր ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները, որպես բողոքի նշան, այսօր կարճ ժամանակով փակեցին Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով կաթի մթերման գների բարձրացում։

«Կաթի գինը կես լիտր ջրի գնին չի հասնում։ Ինչի՞ մի օր ջուրը չի էժանանում, հացը չի էժանանում, թող ասեն՝ էս էլ ա սեզոնական: Ստաբիլ գին են դրել, թող կլոր տարին կաթի գինն էլ ստաբիլ դնեն», «Թող ամառ-ձմեռ լինի մի գին, գոնե 170-180 դրամ, մենք էլ իմանանք մեր աշխատանքը», «5 միլիոն վարկ եմ վերցրել, անասուն եմ առել, հիմի որ էժանցնում ես, էդ 5 միլիոնը ո՞նց պիտի փակեմ»,- դժգոհում էին ֆերմերները։

Արդեն 2 շաբաթ է, ինչ Սևանի և Ճամբարակի հարակից գյուղերի բնակիչները բողոքում են, որ կաթի մթերման գինը նվազել է 60-70 դրամով․ եթե նախկինում 1 լիտր կաթը 200 դրամով էին վաճառում, ապա այսօր՝ 130-140 դրամով։ Կաթ արտադրողներն այսօր բողոքում էին նաև, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը հրաժարվել է մթերել իրենց արտադրած 20 տոննա կաթը:

«Գյուղնախարարը, կառավարությունը, վարչապետը ամեն ինչ խոստանում էին գյուղացուն, որ պիտի գյուղատնտեսությունը զարգացնեն: Վարկ են տվել, անասուն ենք առել, կաթը պիտի կթենք, հանձնենք ու էդ վարկը փակենք։ Հիմա չի վերցնում կաթը», «Մենք պիտի մտածենք՝ մեզ գյուղնախարարություն պե՞տք ա, թե ոչ», «Էս նախարարությունը զբաղվել է միայն ծիրան, լոլիկ, առաքելով։ Մտքներով ուրիշ ոչ մի բան չի անցնում»,- շարունակում էին բողոքողները։

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ խնդրին վաղուց ծանոթ է, դեռ լուծումներ են փնտրում։ Իսկ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն էլ «Ազատությանն» ասաց, որ «Աշտարակ կաթի» ներկայացուցիչների հետ հանդիպում են ունեցել, եկել են համաձայնության՝ որոշակի քանակությամբ կաթ կմթերվի, մնացյալն էլ կփորձեն այլ ընկերությունների առաջարկել, քանի որ «Աշտարակ կաթից» փոխանցել են, որ իրենք այլևս կաթի կարիք չունեն։

«Երկարաժամկետ լուծումն այն է, որ կաթնամթերք արտադրողները միավորվեն, լուրջ ասոցիացիա ստեղծեն, լուրջ խումբ ստեղծեն, որպեսզի իրենց շահերը կարողանան պաշտպանել։ Ունենան հավասար բանակցային հմտություններ, ինչպես կաթ մթերողները։ Չենք կարող պահանջել, ասել՝ գիտե՞ս ինչ կա՝ պիտի մթերես էսքան, էսինչ գնով։ Բայց եթե տեղի է ունենում գերիշխող դիրքի չարաշահում, պետությունը պարտավոր է միջամտել»,- ասաց նախարարը ։

Խոսելով կաթի գնի նվազման մասին, նախարարը նշեց՝ պատճառն այն է, որ շուկայում այսօր կաթի առաջարկ շատ կա, և մթերողները չեն կարողանում կաթն ընդունել նախկին գնով։ Նախարարն ասաց նաև, որ կաթ մթերող խոշոր ընկերությունները խոստացել են, որ մթերման գինն այլևս չի նվազի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG