Մատչելիության հղումներ

Կրեմլը հաստատում է՝ անվտանգության հարցերով Թրամփի խորհրդականը Մոսկվա կայցելի հունիսի 27-ին


Անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ

Ջոն Բոլթոնի և Ռուսաստանի իշխանությունների միջև բանակցությունների հիմնական առարկան Թրամփ-Պուտին երրորդ հանդիպման կազմակերպումն է:

Նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը դեռևս անցած մարտին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել էին հանդիպել: Այս ամիս Կրեմլը հաստատեց ռուսական կողմի պատրաստակամությունը, որպես հանդիպման վայր առաջարկելով Ավստրիայի մայրաքաղաք Վիենան:

ԱՄՆ նախագահը հուլիսի կեսերին մեկ այլ եվրոպական քաղաքում՝ Բրյուսելում, մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Երկու առաջնորդների հնարավոր հանդիպումը տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կամ հետո: Արևմտյան մամուլը վկայակոչելով սեփական աղբյուրները՝ հաղորդում է, որ եվրոպացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Հյուսիսատլանյան դաշինքի անդամ երկրների հավաքին Թրամփն ավելի շատ կենտրոնացած է լինելու Պուտինի հետ հանդիպման, քան դաշնակիցների հետ քննարկումների վրա:

Բրիտանական մամուլն էլ գրում է, թե պաշտոնական Լոնդոնի համար չափազանց կարևոր է, որ Թրամփը Պուտինի հետ հանդիպի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, քանի որ գագաթնաժողովին քննարկվելու են Ռուսաստանի «ագրեսիան զսպելու» հետ կապված հարցեր:

Թեև Թրամփ-Պուտին հանդիպման կոնկրետ օրը պաշտոնապես դեռ հաստատված չէ, այդուհանդերձ Սպիտակ տան ղեկավարը շտապել է հայտարարել, թե կցանկանար բարելավել Միացյալ Նահանգների հետ առճակատաման մեջ գտնվող Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը, հիշեցնենք, Թրամփի նախընտրական խոստումներից է:

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածությունն ամիսներ շարունակ չի նվազում: Վաշինգտոնը չի կիսում Մոսկվայի դիրքորոշումը Սիրիայի և Ուկրաինայի հարցերում, նաև մեղադրում է Սկրիպալների թունավորման մեջ: Ամերիկյան քննչական ծառայությունները Ռուսաստանին կասկածում են նաև 2016 թվականին կայացած նախագահական ընտրություններին միջամտելու մեջ:

Ահա այս անբարենպաստ ֆոնին Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Մեկնում է Մոսկվա՝ քննարկելու ինչպես ընթացիկ խնդիրներ, այնպես էլ երկու նախագահների երրորդ հանդիպման հետ կապված հարցեր:

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովն այսօր հայտարարել է, որ չորեքշաբթի օրը նախագահ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, բացի երկկողմ հարաբերություններից, մտադիր են քննարկել նաև Սիրիայի հարցը: Վերջին օրերին Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական բանակը հարձակումներ է սկսել երկրի հարավ-արևմտյան շրջանների ուղղությամբ: Հաղորդվում է զանգվածային ռմբակոծությունների և դրանց հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին: Վաշինգտոնը դատապարտել է այդ հարձակումները և արյունահեղության համար մեղադրել Ռուսաստանին:

Ջոն Բոլթոնի հունիսի 27-ին նախատեսված այցը Մոսկվա Սպիտակ տան առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Ռուսաստան անցյալ տարվա ապրիլին ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցից ի վեր: Ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները ձեռնպահ են մնում Բոլթոնի հետ սպասվող բանակցությունների արդյունքների նախնական գնահատականներից, հաշվի առնելով հանգամանքը, որ հանրապետական գործիչը, ով ժամանակին եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչրը, համարվում է կուսակցությունում Ռուսաստանի հարցում թերևս ամենակոշտ դիրքորոշումն ունեցողներից մեկը:

Ի տարբերություն Թրամփի, ով կարծում է, որ Ռուսաստանի միջամտությունն ամերիկյան նախագահական ընտրություններին ապացուցված չէ, Բոլթոնը բաց տեքստով հայտարարել է՝ Պուտինը ստել է, երբ Թրամփին հավաստիացրել է, թե չեն միջամտել ամերիկյան ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG