Մատչելիության հղումներ

Արշալույսցիները փողոց են փակել, պահանջում են գյուղապետի հրաժարականը


Զարզանդ Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի եղբորորդին է։

Արմավիրի մարզի Արշալույս համայնքի բնակիչները այսօր վաղ առավոտից փակել են միջհամայնքային, ինչպես նաև գյուղ մտնող բոլոր ճանապարհները, բողոքի ցույց են անցկացնում գյուղի կենտրոնական հրապարակում:

Նրանք պահանջում են գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը:

Արշալույսցիների պնդմամբ` Գրիգորյանը տարիներ շարունակ ահաբեկել է գյուղացիներին, խլել նրանց ունեցվածքը: Գրիգորյանն Արշալույսի գյուղապետն է 2008 թվականից, նա կալանավորված պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին է:

Միայն պետական պաշտոններ զբաղեցրած Գրիգորյանները, ըստ արշալույսցիների, հսկայական կարողություններ ունեն, բերրի հողեր, առանձնատներ, խանութներ, ջերմոցներ: Անցյալ շաբաթ ԱԱԾ հենց Արշալույսում գտնվող Մանվել Գրիգորյանի առանձնատնից էր հայտնաբերել զինվորներին հասանելիք ապրանքները։

«Մանվել Գրիգորյանը, Զարզանդ Գրիգորյանը ու Հրանտ Գրիգորյանը՝ Զարզանդի եղբայրը, իրար հետ եթե սաղս հավաքվենք, իրանք իրեքով էս գյուղի սաղից շատ են ունեցել՝ թե՛ հողերով, թե՛ խանութներով, թե՛ տներով, ավտոներով», - ասաց ցուցարարներից մեկը:

Արշալույսցիներից ոմանք պնդում էին, թե գյուղապետը որևէ փաստաթուղթ տրամադրելու համար պարբերաբար լրացուցիչ գումարներ է պահանջել, չվճարված պարտքերի համար հավելավճարներ է գանձել։

Ցույցի մասնակիցներից մեկն ասաց․ - «Մենք կարանք իրանից ոչ մի բան չուզենք: Ես անձամբ, ինձնից ինչ որ տարել ա, ես չեմ ուզում: Թող թողի էթա: Մեր էրեխեքին բերենք մեր էս սուրբ գյուղը, սաղ ապրեն: Մեր ուզածը էդ ա»:

Հրաժարականից բացի, գյուղի երիտասարդությունը պահանջում է ֆինանսական աուդիտ իրականացնել․ տեղեկություններ ունեն, որ գյուղապետը կառավարությունից ստացած օգնությունն էլ է յուրացրել․ - «2013 թվականին կարկուտի համար պետությունից փոխհատուցվել ա գումար 34 միլիոն, և 2016 թվականին պետությունից փոխհատուցվել ա 37 միլիոն: Թող գան աուդիտ անեն, թող գան պարզեն: Եթե կլինի նենց, որ մաքուր կստացվի, կպարզվի, որ մեր գյուղապետը աշխատել ա մաքուր, ես անձամբ խոստացել եմ՝ էթում եմ կանգնում եմ իրա կողքը, իրան ձեն են տալիս: Բայց տենց բան, ես համոզված եմ, որ բացառված ա լինի»:

Բողոքավորներն ասում են, թե Զարզանդ Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի «կրկնօրինակն է», շարունակ ահաբեկել է ժողովրդին, տարիներ ի վեր համայնքում բռնապետություն է տիրում: Նրանք պնդում էին, որ ունեն բավարար փաստեր, որոնք կարող են ներկայացնել իրավապահներին:

«Ինքը Մանվել Գրիգորյանի հետ աճած ամենագլխավոր մարդ ա: Էս ժողովուրդը դիկտատորների մեջ ա ապրել: Հիմա երկիրը փոխվել ա, հեղափոխություն ա եղել: Հիմա ժողովուրդն ուզում ա ազատ ապրի, էդ դիկտատորներից պրծնի: Անձամբ ինձ թալանել ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց միջին տարիքի մի տղամարդ:

Զարզանդ Գրիգորյանն այսօր էլ ցուցարարներին չմոտեցավ, նա տևական ժամանակ է արձակուրդում է։ Գյուղապետարանում նրա ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Նրա խոսքով՝ արշալույսցիների մեծամասնությունը գյուղապետի կողքին է, իսկ հրապարակում հավաքվածները պարզապես զրպարտում են Գրիգորյանին․ - «Չորրորդ օրն ա: Դրանից առաջ էլ ա եղել․ մի 40, 50, 60 հոգով հավաքվել են, անձնական բնույթի մեղադրանքներ են ներկայացնում, զրպարտություններ են անում»:

Զարզանդ Գրիգորյանը պատրաստվում է վաղը Արշալույսում հանրահավաք անցկացնել իր կողմնակիցների հետ: Պատրաստ է լսել նաև արդեն չորրորդ օրը իր հրաժարականը պահանջող ցուցարարներին:

XS
SM
MD
LG