Մատչելիության հղումներ

Ավստրիական մամուլ․ Թրամփ-Պուտին հանդիպումը՝ հուլիսի 15-ին Վիեննայում


Վիետնամ - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցում են Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, նոյեմբեր, 2017թ․

Ավստրիական մամուլը երեկ գրել է, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները հանդիպելու են Վիեննայում հուլիսի 15-ին:

Կրեմլը այս տեղեկությունը առայժմ չի հաստատել: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ ասել է, որ դեռ որևէ տեղեկություն չի կարող հայտնել լրագրողներին: Ավելի վաղ նա ասել էր նաև, որ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները վերջին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Վիեննան որպես հանդիպման հնարավոր վայր:

Կիրակի օրը ավստրիական մամուլը գրել է, որ արդեն Վիեննայում են երկու երկրների նախագահների թիմերն ու անվտանգության ծառայությունները:

Հուլիսի 1-ից Ավստրիան ստանձնում է նախագահությունը Եվրամիությունում: Պաշտոնական Վիեննան արդեն հայտարարել է, որ մտադիր է զարգացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, քանի որ Ռուսաստանը Եվրոպայի մի մասն է:

Բրիտանական The Guardian-ը այս առիթով գրել է, որ Ռուսաստանը վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք է բերել երկու դաշնակից Եվրամիությունում՝ Ավստրիան և Իտալիան: Այդ երկրների նոր կառավարությունները չեն թաքցնում իրենց լավ վերաբերմունքը Պուտինի նկատմամբ, նշում է բրիտանական պարբերականը:

Վերադառնանք, սակայն, հնարավոր հանդիպմանը Ավստրիայի մայրաքաղաքում: Դեռևս հունիսի 8-ին Սպիտակ տունը հաստատել է, որ Վիեննան պատրաստ է կազմակերպել Վլադիմիր Պուտին-Դոնալդ Թրամփ հանդիպում, սակայն հստակ օրը դեռ որոշված չէ:

Արևմտյան մամուլի համաձայն՝ Ռուսաստանի նախագահը դիմել էր Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին՝ Վիեննայում ԱՄՆ նախագահի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով, և Կուրցը պատրաստակամությամբ համաձայնել է:

Հուլիսի 11-12-ը Բրյուսելում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին, ի դեպ, հնարավոր է՝ ներկա լինի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թրամփը Եվրոպա է այցելում հենց այդ գագաթնաժողովին մասնակցելու համար, իսկ հուլիսի 13-ին՝ գագաթնաժողովից անմիջապես հետո, ԱՄՆ նախագահը այցելելու է Մեծ Բրիտանիա:

Բրիտանական մամուլը նախօրեին գրել է, թե պաշտոնական Լոնդոնի համար չափազանց կարևոր է, որ Թրամփը Պուտինի հետ հանդիպի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, քանի որ գագաթնաժողովին քննարկվելու են Ռուսաստանի ագրեսիան զսպելու հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG