Մատչելիության հղումներ

Ասլամազյան քույրերի թանգարանի հարցը կրկին փակուղի է մտել


Գյումրիում Ասլամազյան քույրերի թանգարանի ճակատագիրը կրկին մշուշոտ է։ Թեև Գյումրիի ավագանին որոշել էր, որ նախկին վարչապետ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոստացած 100 միլիոն դրամը կուղղվի հենց այս խնդրի լուծմանը, սակայն ապրիլին նրա հրաժարականից հետո հարցը կրկին փակուղի է մտել։

Թանգարանի տնօրենն ահազանգում է՝ Մարիամ ու Երանուհի Ասլամազյան քույրերի նկարները վտանգի տակ են։ Վահագն Ղուկասյանն ասում է՝ խոնավության ու ջեռուցման համակարգի բացակայության պատճառով ցուցանմուշներն ու ֆոնդերում պահվող նկարները շարքից դուրս են գալիս:

Չնայած 2004 թվականին Գյումրիում Ասլամազյան քույրերի թանգարանը Լինսի հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվել է, սակայն աշխատանքների թերի կատարման պատճառով այն կրկին վերանորոգման կարիք ունի:

Ջեռուցման ապահովման համար մոտավորապես 5 մլն դրամ է հարկավոր: Թանգարանը ունի նաև հին ու պատմամշակութային արժեք ներկայացնող պատշգամբ, որին փլուզման վտանգ է սպառնում:

«Երկու գործոն կա՝ թե՛ շինարարների թերի աշխատանքը, թե՛ հետագա շահագործման խնդիրը, որը նաև թող նախկինները դատեն, թե ինչու է դա այդպես տեղի ունեցել», - ասում է Վահագն Ղուկասյանը:

Անցած հոկտեմբերին Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրի կատարած այցի ժամանակ խոստացավ ֆինանսավորել Աճեմյան ճեմափողոցում 12 արձանի տեղադրման համար պահանջվող ծախսը: Գյումրեցիները քննադատեցին քաղաքապետարանի նախաձեռնությունը, թե 250 մետր երկարություն ունեցող փողոցում 12 արձանի առկայությունը անթույլատրելի է: Քաղաքապետարանը հետ կանգնեց արձաններ տեղադրելու նախաձեռնությունից ու որոշվեց, որ 100 մլն դրամը, որ խոստացել էր Սերժ Սարգսյանը, կտրամադրվի Ասլամազյան քույրերի թանգարանի խնդիրների լուծմանը: Կազմվեց նախագիծ ու նախահաշիվ, որն ուղարկվել էր կառավարություն ու նախագահական:

Թանգարանը քաղաքապետարանի ենթակայության տակ է գործում: Հիմա քաղաքային իշխանությունը փորձում է միջազգային ֆինանսական կազմակերպություններից գումարներ գտնել վերանորոգման հարցը լուծելու համար: Այս պահին, սակայն, որևէ արձագանք չկա: Ղուկասյանն ասում է՝ որքան ձգձգվում է վերանորոգումը, այնքան խորանում է խնդիրը:

Թանգարանը 300 դրամ արժողությամբ տոմսերի ու հանգանակությունների հաշվին է դեռ գոյատևում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG