Մատչելիության հղումներ

Առաջին փոխվարչապետի կարծիքով, գեներալ Մանվել Գրիգորյանի գործը ցույց տվեց, թե ինչ արժեր «ազգ֊բանակ» քարոզչությունը


Գեներալ Մանվել Գրիգորյանի գործը ցույց տվեց, որ նախկին իշխանությունների հռչակած «ազգ֊բանակ» քարոզչությունը «գրոշ չարժեր», այսօր Ֆեյսբուքյան ասուլիսի եթերում հայտարարեց Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության ծառայությունը աղմկոտ բացահայտումներ արեց՝ Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին մեղադրելով ապրիլյան պատերազմի օրերին զինված ուժերի համար նախատեսված խոշոր չափով գույք հափշտակելու մեջ, առաջին փոխվարչապետը իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ «Թե բա՝ ազգ֊բանակ։ Էս չե՞ք, այ սրբապիղծ հրեշներ»։

«Ազատության» եթերում մեկնաբանելով իր այդ գրառումը, առաջինը փոխվարչապետը պարզաբանեց. ֊ «Խոսքը այն ոլորտի մասին էր, որը տարիներ շարունակ մեզ ասվել է, որ սա է մեր սրբության սրբոցը՝ բանակ, զինված ուժեր, և այստեղ ով չարաշահումներ անի՝ դավաճան է։ Եվ ահա՝ գալիս հասնում ենք ճշմարտության պահը... էս էին, էս էր իրանց քարոզչության արժեքը՝ գրոշ չարժեր»։

Արարատ Միրզոյանը նաև հիշեցրեց, որ նախկինում, երբ ընդդիմությունը խնդիրներ էր մատնացույց անում զինված ուժերում, իշխանությունները հորդորում էին չխոսել այդ մասին։

«Այստեղ ուռա֊հայերնասիրական, լալահառաչ տեքստեր էին հորդում զանազան պաշտոնյաների կողմից, որ ասում էինք՝ այս մարդիկ ամեն ինչ կարող են անել, բայց ոչ բանակի և պաշտպանության ոլորտում, և մենք էլ որ քննադատում էինք, ասում էինք խնդիր կա, մատուցվում էինք որպես ոչ հայրենասերներ։ Եվ որ հարցնում էինք ազգ֊բանակ՝ դա ի՞նչ է, այդ որտեղ է գրված, ասում էին՝ մի խոսեք, դուք ջուր եք լցնում թշնամու ջրաղացին», ֊ նշեց առաջին փոխվարչապետը։

Միրզոյանը նաև փաստեց՝ գողության ու չարաշահումների բոլոր դեպքերին իրավական առումով նույն գնահտականը պետք է տրվի, սակայն հավելեց. ֊ «Այո՝ գողությունը գողություն է, բայց խնդիրը նրանում էր, որ այստեղ մի քիչ հուզական այդ ֆոնը կար»։

Հիշեցնենք՝ գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց հունիսի 16֊ին:

Իրականացված խուզարկությունների արդյունքներով հունիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված էր․ - «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»: ԱԱԾ-ն նաև տեսանյութ էր հրապարակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG